Բաբկեն Թունյանը հիմնավորում է, թե ավանդների ու բանկային հաշիվների մասին ինֆորմացիան ինչպես է հասանելի դարձել կառավարությանը |hetq.am|
12:52 - 14 մայիսի, 2020

Բաբկեն Թունյանը հիմնավորում է, թե ավանդների ու բանկային հաշիվների մասին ինֆորմացիան ինչպես է հասանելի դարձել կառավարությանը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խորհրդարանում այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մանրամասնեց, թե ինչպես է Կառավարությանը հասանելի դարձել աջակցություն ստացած անձանց ավանդների և բանկային հաշիվների մասին տեղեկատվությունը:

«Երբ վարչապետը հայտարարեց, որ իններորդ ծրագրով աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեին 20 միլիոն դրամից ավելի ավանդ կամ մեկ միլիարդ դրամից ավելի ավանդ, դա հիմք տվեց ենթադրելու, որ խախտվել է բանկային գաղտնիքը, և դրա հիման վրա սկսեցին արվել որոշակի հայտարարություններ, որ մեր երկրում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ և այլն: Շատ դեպքերում մարդիկ, իրոք, կարող էին նման կարծիք ունենալ, որովհետև մանրամասնորեն չեն տիրապետում էդ ամբողջ ընթացակարգերին, բայց որոշ դեպքերում այդ ամենն արվում էր միտումնավոր, որ մարդկանց մոտ տպավորություն առաջանա, թե իշխանությունները խախտում են բանկային գաղտնիքը»,- ասաց Թունյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հակաճգնաժամային ծրագրերի` շատ դեպքերում ոչ ճիշտ հասցեականության մասին, ասաց, որ իններորդ ծրագրի շահառուների թվում 50 մարդ կա, ով բանկում 20 միլիոն և ավելի ավանդ ունի, սակայն պետությունից աջակցություն է ակնկալում:

Բաբկեն Թունյանը փորձեց հիմնավորել, թե ինչպես են այդ տվյալները կառավարության ղեկավարին հասանելի դարձել, նա էլ իր հերթին հանրայնացրել է:

«Յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, հաշիվների շարժը, վերցրած վարկերի ծավալն, իրոք, բանկային գաղտնիք է, ու որևէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ, բայց ամփոփ տվյալներ պետական մարմինները, այդ թվում նաև լրագրողները կարող են հարցում անել ու ստանալ: Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել, օրինակ՝ X բանկի միջոցով աջակցություն է ստացել 30 հազար շահառու, այդ բանկը կարող է տեղեկանք պատրաստել ու ասել, թե այդ 30 հազարի մեջ քանի հոգի կա, որ ունի տասը միլիոն դրամից ավելի ավանդ, քանի հոգի կա, որ ունի քսան միլիոն դրամից ավելի ավանդ` առանց կոնկրետ ավանդատուներին իդենտիֆիկացնելու, առանց առանձին մարդկանց հաշիվների շարժի մասին տեղեկացնելու: Դա ամփոփ ինֆորմացիա է, որը Կենտրոնական բանկը պարբերաբար հրապարակում է` ավանդների, վարկային հաշիվների վերաբերյալ»,-ասաց պատգամավորը:

Թունյանն ընդգծեց` ավանդատուների թիվը ոչ միայն բանկային գաղտնիք չէ, այլև անհրաժեշտ ինֆորմացիա է, որպեսզի պետությունը կարողանա ճիշտ քաղաքականություն մշակել:

Շարունակությունը՝ hetq.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել