Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 (թարմացվող)
23:52 - 14 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 (թարմացվող)

23։30- Մայիսի 18-ից հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը: 
Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:
Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:
Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:

Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:
Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:
Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի: [Տիգրան Ավինյան] 


21:08- Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


21:07- Ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


20:34- Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին` ժամը 15։40-ին [ՀՀ ԱԳՆ]


20:18- Ստեղծվելու են 119 շրջիկ խմբեր՝ կազմված բժիշկներից, ոստիկաններից ու ԱԻՆ ներկայացուցիչներից, որ ինքնամեկուսացվածները չլքեն ինքնամեկուսացման վայրերը: [Արսեն Թորոսյան]


19:59- Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, սա վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ Մենք կկենտրոնանանք հիմնականում բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք։ [Արսեն Թորոսյան]


19:56- Մենք հազվագյուտ երկրներից ենք, որ մինչ օրս իրենց բոլոր դեպքերը հոսպիտալացրել կամ իզոլացրել են փակ հաստատություններում և չեն վտանգել մյուս քաղաքացիներին։  [Արսեն Թորոսյան]


19:53- Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում։ [Արսեն Թորոսյան]


19:45- Եթե նույնիսկ հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույնն է, համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո։  [Արսեն Թորոսյան]


19:40- Հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չենք տեղավորում հյուրանոցներում։ Ազատված հյուրանոցները դեռևս շարունակում են օգտագործվել ասիմպտոմ հիվանդների համար։ [Արսեն Թորոսյան]


19:26- «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 1 մլրդ 88 մլն 681 հազ. 654 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4225։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]


19:22- Մարտ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը եղել է 4,9 տոկոս: Կարծում եմ՝ ոչ այնքան վատ ցուցանիշ է, քանի որ ակնկալվող անկումը մի փոքր ավելի մեծ պետք է լիներ: Դեռևս շարունակում ենք պահպանել տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի դրական դինամիկան, և առաջին երկու ամիսներին 8,7 տոկոս էր։  [Տիգրան Ավինյան] |tert.am|


19:12- Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին փոխանցումներն անցել են 1 մլրդ դրամից։ Այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն իսկ քիչ են, և կարծում եմ՝ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու: 

Ինչ վերաբերում է հաշվետվություններին, պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը․ դրանք միայն առողջապահական համակարգին են տրամադրվել: Երեկ հավելյալ 1 մլրդ դրամ փոխանցվել է ԱՆ-ին՝ ընթացիկ կարիքները սպասարկելու համար։ [Տիգրան Ավինյան] |tert.am|


19:07- ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը կորոնավիրուսով է վարակվել և արդեն ապաքինվել է ու վերադարձել աշխատանքի:  [Վլադիմիր Պուտին] [ՌԻԱ Նովոստի] |tert.am|


19:03- Քննարկվում է նախարարական կոմիտեների, ինչպես նաև կառավարության նիստերը հեռավար կերպով կազմակերպելու հարցը: Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել, որը շատ մոտ ապագայում կքննարկենք կոմիտեի նիստին։  [Տիգրան Ավինյան] |armenpress.am|


18:52- Հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների ոչ թե կրման, այլ առկայության:  [Տիգրան Ավինյան] |armenpress.am|


18:48- Նախակրթարանները բացվում են նրա համար, որ աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում ևս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնց մասին մանրամասն գրված կլինի այսօր հրապարակվելիք՝ պարետի որոշման մեջ: Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել։ [Տիգրան Ավինյան] |Armtimes.com|


18:47- Կոչ ենք անում բոլոր գործատուներին, որոնք որ հեռավար ռեժիմով են իրականացնում իրենց աշխատանքը, շարունակեն այդպես իրականացնել, որովհետեւ վարակը դեռ առկա է ու տարածվում է։ [Տիգրան Ավինյան]


18:44- COVID-19-ով վարակված քաղաքացիներին հայտնաբերելու համակարգի շնորհիվ Հայաստանում հաջողվել է հայտնաբերել նախկինում 1938 վարակակիրների հետ շփված 36 հազար մարդու: Զտվել է անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացին: 

Այդ համակարգը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը մեծացնում է 20-30 տոկոսով:  [Տիգրան Ավինյան] |news.am|


18:40- Թեպետ ճշգրիտ չեմ հիշում, սակայն դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը սկսվում է 100 հազար դրամից: Մարդիկ, ի վերջո, պիտի ոչ թե տուգանքի մասին մտածեն, այլ չհիվանդանալու եւ վարակը չտարածելու: [Ավինյանը՝ պատգամավորի հարցին] |Armtimes.com|


18:32- Արարատ Միրզոյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը տեղեկություններ են փոխանակել Հայաստանում և Ռուսաստանում համավարակի դեմ  իրականացվող միջոցառումների վերաբերյալ:


18:30- Հանրային միջոցառումների մասնակիցների քանակը նվազեցրել ենք՝ 20-ից հասցնելով 5-ի, դա վերաբերում է նաեւ եկեղեցիներին: [Տիգրան Ավինյան]


18:29- Դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց՝ մայիսի 18-ից։ [Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյան]


18:27- Հայաստան վերադարձող քաղաքացիներն ուղարկվելու են ինքնամեկուսացման։ Եվ էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, տուգանելու ենք այն անձանց, որոնք այդ ռեժիմը խախտում են։ [Տիգրան Ավինյան]


18:03- Կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|


17:40- Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների: Այդ շրջաններում գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցների 1-ական խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին ազդանշան տան:  [Պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ]|hetq.am|


17:35- Մայիսի 15-ին կվերսկսվեն ՌԴ-ից դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Մարտի 13-ից Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի:  |armenpress.am|

 

17։25- Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար։ [Արսեն Թորոսյան]

 

17։17-  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին Կողմերը կարևորեցին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը: Դեսպանը փոխանցեց Հնդկաստանի կառավարության կողմից Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին տրամադրված և աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունեցող Հիդրոքսիքլորիքին դեղամիջոցի խմբաքանակը՝ նախատեսված շուրջ 5000 պացիենտի բուժման համար: [ԱԳՆ]

 

16։50- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ապաքինվել` 18 մարդ: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 214 դեպք, որից առողջացել են 64 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

16։14- Այսօր ՊՆ-ի կողմից կազմակերպված երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով տարբեր սարքավորումների  և  թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակն է ներմուծվում։ [Տիգրան Ավինյան]

 

15։49- Նախատեսում ենք, որ մայիսի 18-ին հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը։ [ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ]

 

15։46- ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

15։29- ՀՀ 15 քաղաքացիներ, մի քանի օր է, գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։ Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]

 

15։10-  Այս պահի դրությամբ մեր հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ։  Այդ ծրագրերով շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1մլն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձինք։ Բանկային համակարգն այս ընթացքում վարկային արձակուրդ է տրամադրել մոտ 460 հազարը գերազանցող ֆիզիկական անձանց և մոտ 15500 իրավաբանական անձանց [Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ] |pastinfo.am|

 

15։04- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն են ձեռք բերվել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը: [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։35- Առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: [ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան] |armenpress.am|

 

14։13- Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ [Նիկոլ Փաշինյանը՝ հակաճգնաժամային 18-րդ միջոցառման մասին] |armenpress.am|

 

13։46- ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատախանը բացասական է։ Այս մասին ասաց Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։ Վերջինս հայտնեց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացված մնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ |hetq.am|

 

13։26- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել  կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն: |armenpress.am|

 

12։50- Այսօր կառավարության հերթական նիստին ներկա չէր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ  Թորոսյանը ինքնամեկուսացված է։ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը  հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։  Նախարարը հանդիսացել է երկրորդային կոնտակտավոր անձ։ Նա թեստ է հանձնել։

 

12։44- ԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:  ՏԿԵ նախարարությունում կան կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր։ |armenpress.am|

 

12։41- 100 արհեստական շնչառության սարք է ձեռք բերվել,  այս պահին գնման գործընթացում է ևս 70 սարք։ Ներկա պարագայում պատրաստվածությունը գնալով մեծացնում ենք։ Ներկայումս մեր ռազմավարությունը այն է, որ  մեկուսացված քաղաքացիները տեղափոխվում էին հատուկ կարանտինային վայրեր։ Այսուհետ այդ հաստատություններ տեղափոխվելու են ասիմպտոմ վարակակիրները։   [Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան]

 

12։35- Անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից մայիսի 13-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր․
▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում,
▪️ Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին,
▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,
▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Քնարավան գյուղ տանող ճանապարհների խաչմերուկում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

12։32- ՔԿՀ-ներում որևէ դատապարտված և կալանավորված անձի մոտ չկա վարակի հաստատված դեպք։ Դա վկայում է, որ կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում են ՔԿՀ-ների և Արդարադատության նախարարության  կողմից իրենց արդյունքը տալիս են։ Քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք դեպքեր, հիմնականում  Վարդենիսի ՔԿՀ-ում՝ կա 8 դեպք։ Դրանցի հետո մի քանի կասկածելի դեպք են ունեցել, կատարվել են թեստավորումներ, որոնց պատասխանները դեռ ընթացքի մեջ են։ Մեկական դեպքեր են գրանցվել Սևանի և Հրազդանի ՔԿՀ-ներում։ [Ռուստամ Բադասյան]

 

12։06- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

12։00- Կառավարությունն ընդունեց 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով ` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով, երկարաձգելու մասին որոշումը: 

 

1։30- Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցեց Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ [Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանություն]

 

11։20- Այսօր ակտիվ դեպքերը 2217 են, բայց մեր 2217-ից մոտավորապես միայն 600-ն են , որոնք որևէ բուժօգնության կարիք ունեն։ Թոքաբորբով 661 հիվանդ ունենք այս պահին։ Ընդ որում, մեր մասնագետներն ասում են, որ այս թոքաբորբով հիվանդների մոտավորապես 20-25 տոկոսին կարող ենք համարել ասիմպտոմ, որովհետև նրանք նույնպես գրեթե խնդիրներ չունեն։  Եթե պարզվի, որ մենք ունենք 1500 հիվանդ, ովքեր ունեն բուժման անհրաժեշտություն  և մենք արդեն անխուսափելիորեն մոտենալու ենք այդ թվին, մենք ստիված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։ Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 6 պացիենտ։ [Նիկոլ Փաշինյան]

 

10։54- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։49- Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար: |armenpress.am|

 

10։29-  ԱՀ-ում ԿԽՄԿ առաքելությունը նվիրաբերել է 109 պլանշետներ և 2 Wi-Fi ցրիչներ՝ օգնելով երեխաներին մասնակցել հեռավար ուսուցմանը և բաց չթողնել դասերն այս օրերին։ Սարքավորումները մի քանի ուսուցչի և շփման գծին մոտ տեղակայված 11 համայնքներում սոցիալապես անապահով և երեխաների խնամքի կենտրոնում ապրող աշակերտների համար են։ [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել