«Ջրվեժ» անտառպարկում իրականացվող շինարարությունն ապօրինի չէ․ մրցույթը հայտարարվել է դեռեւս նախորդ տարի
17:28 - 13 մայիսի, 2020

«Ջրվեժ» անտառպարկում իրականացվող շինարարությունն ապօրինի չէ․ մրցույթը հայտարարվել է դեռեւս նախորդ տարի

Օրեր առաջ՝ մայիսի 4-ին, մամուլում տարածվեց տեղեկություն, թե Կոտայքի մարզում՝ Ջրվեժի այգում, որը, ըստ հրապարակման, համարվում է հատուկ տարածք-արգելոց, ինչ-որ անձինք ծառահատումներ են իրականացնում եւ հանգստի գոտիներ են կառուցում։

Ի պատասխան դրան՝ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը պարզաբանում տարածեց, որ լուրն ապատեղեկատվություն Է և որ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Ջրվեժ» անտառպարկն արգելոց չէ, այլ անտառպարկ։ 

Ըստ նախարարության հայտարարության՝ օրենքով սահմանված կարգով անցկացվել են վարձակալության մրցույթներ, որոնց հաղթողներն այժմ իրականացնում են պայմանագրային պարտականություններից բխող բարեկարգման աշխատանքներ, այդ թվում նաև՝ հազվագյուտ ծառատեսակների տնկում։ Նախարարության վստահեցմամբ՝ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են:

Փորձեցինք պարզել, թե նախարարությունը երբ է հայտարարել մրցույթը եւ ինչ ընթացք է ունեցել այն։

ՇՄ նախարարության կայքում մրցույթի հայտարարությունը տեղադրվել է դեռեւս 2019 թվականի հունիսի 22-ին՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի՝ 59 տարի ժամկետով հանգստի գոտի կազմակերպելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրման համար։

Ըստ մայիսի 8-ին ՇՄ նախարարությունից ստացած պատասխանի՝ մրցույթին մասնակցել են 6 ընկերություն եւ անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ, «Բեքստեյջ» ՍՊԸ, «Ինտուրիստ Արտ» ՍՊԸ, ԱՁ Գեւորգ Մնացականյան Աշոտի, եւ ֆիզիկական անձինք՝ Խաչատրյան Շավարշ Նորիկի, Թումիկյան Վահագն Միսակի։

Մրցույթում հաղթող են ճանաչվել «Բեքստեյջ» եւ «Արմենիան Հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ Վերոնշյալ տարածքների վարձավճարները տարեկան կտրվածքով կազմում են՝ «Բեքստեյջ» ՍՊԸ-ինը 1․742․592 ՀՀ դրամ, իսկ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ինը՝ 4․818․156 ՀՀ դրամ։

Ըստ նախատեսվող ծրագրի՝ վարձակալության տրվող տարածքներում հիմնականում իրականացվելու են էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաեւ անտառտնկման աշխատանքներ՝ համագործակցելով կրթական եւ մշակութային հաստատությունների հետ։

Շինությունների կառուցման ընթացքում ծառեր չեն հատվելու, տնկվելու է շուրջ 3000 ծառ եւ թուփ, տարածքի ռելիեֆի փոփոխություն չի կատարվելու, իրականացվելու է միայն տարածքի ուղղում եւ հարթեցում։

Ընդհանուր առմամբ, համաձայն ներդրումային ծրագրերի, նախատեսվում է իրականացվել 941․300․000 ՀՀ դրամի ներդրում։

Ի հավելումն հայտնենք, որ պետական գնումների համակարգում նշված գնման ընթացակարգի մասին տեղեկություն չկա։ Էլեկտրոնային ձեւով գնումների կատարման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2013թ․ դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 2017թ․ որոշման համաձայն՝ նախատեսված է, որ պետական կառավարման մարմինները, պետության հիմնարկները, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով, իրենց գնումները կարող են իրականացնել էլեկտրոնային ձեւով՝ օգտվելով պետական գնումների armeps.am համակարգից։ Բայց քանի որ որոշումը չի սահմանափակում ոչ առցանց գնումների իրականացումը, այս գնման պարագայում Հայտերը ընդունվել են Ջրվեժ համայնքի ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում։

Այսպիսով կարող ենք փաստել, որ տեղեկություները, թե «Ջրվեժ» անտառպարկում իրականացվում է ապօրինի շինարարություն եւ ծառահատում, իրականությանը չեն համապատասխանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել