civilnet.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կասկած չունի, որ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տիրապետում է նախկինում օգտագործված մաքսանենգ սխեմաների, բայց դրանք, նրա հավաստմամբ, որևէ կապ չունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի հետ: Մայիսի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե այսօրվա իշխանությունների որոշ ներկայացուցիչներ թաթախված են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտը արտահանելու սխեմաներում։

Քոչարյանի խոսքով՝ Հրաչյա Հակոբյանի հասցեին հնչեցված հայտարարություններն ու մեղադրանքներն ուղղակի շահարհկումներ են․ «Եթե ուսումանսիրեք ու տեսնեք, թե ովքեր են այդ անունները... Խոսքը, օրինակ, Վարդան Հարությունյանի և այլ մարդկանց մասին է, որոնք կապ ունեն նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ»։

«Եթե նման փաստ կա, թող քրեական գործեր հարուցեն, ինչն էլ կպահանջի, որ բացահայտվեն բոլոր դրվագները, բայց եթե մաքսանենգ չէ, ապա ստացվում է, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ տվյալ գործի շրջանակում շահարկվում է ոչ միայն պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այն անդամների անունները, որոնք քաղաքականությամբ են զբաղվում:

«Պետք է ամբողջական ուսումնասիրություն կատարվի, որ այս թեման ոչ միայն բացահայտվի, այլ նաև՝ այլևս չշահարկվի, քանի որ այս թեմայի նպատակը մեկն է՝ մաշեցնել իշխանության լեգիտիմությունը»,- հայտարարեց Քոչարյանը։

Շարունակությունը՝ civilnet.am-ում