Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները |ermenihaber.am|
11:31 - 12 մայիսի, 2020

Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Եգիպտոսի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի  արտգործնախարարները մայիսի 11-ին կայացած հեռուստակոնֆերանսից հետո համատեղ հայտարարություն են տարածել։ Ըստ այդմ՝ հեռուստակոնֆերանսում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող ճգնաժամերը։

Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածության մեծացման և շարունակական սադրիչ գործողությունների առթիվ՝ հնգյակը ընդգծել է, որ արևելամիջերկրածովյան ջրերում՝ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում, Թուրքիայի կողմից բնական գազի և նավթի որոնումները հակասում են միջազգային իրավունքի նորմերին։

Միաժամանակ, միջազգային իրավունքի տեսակետից հակաօրինական է համարվել նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային սահմանների վերաբերյալ  կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Ընդգծվել է, որ այդ փաստաթուղթը «չի կարող միջամտել երրորդ երկրների ինքնիշխանության իրավունքին, հակասում է ծովային իրավունքի նորմերին և երրորդ երկրների համար իրավական ուժ չունի»։

Անդրադառնալով Լիբիայում տիրող իրավիճակին՝ հինգ երկրներն առնվազն մուսուլմանների սրբազան ռամազան ամսվա ընթացքում զինադադարի կոչ են արել հակամարտող կողմերին։ Նրանք դատապարտել են Լիբիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը՝ ընդգծելով, որ «Լիբիայի հարևանները սպառնալիք են ստեղծում Եվրոպայի և Աֆրիկայի կայունության համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել