ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր։ 

Մասնավորապես, վարչությանն Ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ տվյալներ  էին փոխանցվել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։ Իրացնելով տեղեկությունները, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի երկու բնակիչ, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, Քուչակ, Վարդենիս և Լուսագյուղ համայնքների տարածքներից իրականացրել են սևահողի բերրի շերտի ապօրինի դուրսբերում: Այնուհետև ապօրինի հանույթը նրանք իրացրել են Երևանում՝ տարբեր ֆիզիկական անձանց։   

Դեպքերի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում Հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով՝ 20 մլն դրամ գումարի չափով  կազմվել են  արձանագրություններ, հարուցվել վարչական վարույթներ։   

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ օրենսդրությամբ արգելված, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման իրականացնելուց, ինչպես նաև առանց թույլտվության կամ լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց: