Բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար

 |armenpress.am|
21:50 - 11 մայիսի, 2020

Բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: Այս մասին նա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։

Բադասյանը  նախ նշեց, որ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով հիմնականում երեք մեխանիզմ է ֆիքսվել, որոնցից առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի գույքային դրության ստուգում: «Երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունն է լինելու: Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնք պետք է ընտրվեն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նրանցից 3-ը դատավոր են, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա միտումնավոր է արվում, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ»,-ասաց նախարարը:

Գնահատման հանձնաժողովի հիմնական առաքելությունը բացարձակապես կարգապահական վարույթ հարուցելը չէ, սակայն դա էլ է հնարավոր: Այն հետևելու է, թե դատավորի կողմից որքանով են ողջամիտ ժամկետը պահպանվում, արդյոք դատական ակտերը համապատասխանում են հիմնավորվածության չափանիշներին, արդյոք դատավորի կողմից պահպանվում են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները: Դրա հիման վրա վարվելու է դատավորների առաջխաղացման ցուցակը, որոշվելու են վերապատրաստման դասերը:

Փաշինյանը հետաքրքվեց, եթե դրա հիման վրա ֆիքսվի, որ դատավորն իր նախկին դատավճիտներում խախտումներ է արել, ապա ինչպե՞ս է լինելու: Նախարարը պատասխանեց, որ եթե չեն անցել վաղեմության ժամկետները, ապա դատավորն իրավունք ունի դիմելու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ երրորդ գործիքն է: Հանձնաժողովն էլ իրավունքի ունի կարգապահական վարույթ հարուցել և դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ: Էթիկայի և կարգապահական հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից: 6 դատավորները ներառական ընտրված են լինելու տարբեր ատյաններից և տարբեր մասնագիտացումներից և 2 դատավորներ լինելու են քաղհասարակության ներկայացուցիչներ:

«Եթե նայենք դատական օրենսգրքի պատկերը, մեկ բառով ամբողջ դատական համակարգի, ինչ բառ ուզում է օգտագործենք՝ բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը, վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին: Եվ սա կարծում եմ, որ լավագույն ստանդարտն է:  Վենետիկի հանձնաժողովը նշում է իր կարծիքում, որ հենց դատական համակարգը, երաշխավորելով իր համակարգի անկախությունը, զբաղվի նմանատիպ հարցերով և գործադիր իշխանության դերը հասցվի նվազագույնի»,-ասաց Բադասյանը:

«Դա մեր քաղաքական կամքն է»,-ասաց վարչապետն ու նկատեց, որ քաղաքացիների մոտ հարց կառաջանա՝ պարզ չէ՞, որ դատական համակարգն ինքն իրեն կպաշտպանի, և ինքնամաքրման գործընթաց չի անցնի: Նա հարցրեց, թե ինչու՞ է դատական համակարգը շահագրգռված լինելու, որ այդ ինքնամաքրումը լինի:

Բադասյանը նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է, դա մի երաշխիք, որ կաշխատի: Մյուս երկու հանձնաժողովներում դատավորներից բացի այլ անդամներ ևս կան: Նախարարը կարծում է նաև, որ  դատական համակարգում կան այն մարդիկ, որոնք ևս իրենց համակարգի մասին մտածում են, իրենց համակարգի բարեփոխման, հեղինակության համար իրենք էլ են մտահոգված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել