Բերդավանում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են
 |hetq.am|
20:54 - 11 մայիսի, 2020

Բերդավանում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են |hetq.am|

hetq.am: Այսօր առավոտից Նոյեմբերյան համայնքում լուրեր էին պտտվում, որ Բերդավան գյուղ եկած եւ մայիսի 9-ին թաղման արարողությանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Կինը Երեւանից Բերդավան չի եկել։

Հիշեցնենք, որ Բերդավան գյուղը Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմի մեջ է։ Մինչ այժմ Նոյեմբերյան համայնքում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։

Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գյուղում մեկուսացված անձ չկա, վարակակրի ամուսնու մոտ կորոնավիրուսի սիմպտոմներ չկան։ 

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը տեղեկացրեց, որ տղամարդը եւ նրա դուստրը թեստավորվել են, պատասխանները դեռեւս հայտնի չեն։ «Հարկ է նշել, որ հիվանդը չի մասնակցել թաղման արարողությանը, իսկ ամուսինը առողջ է, հնարավոր է՝ հետագայում հիվանդանա։ Նրա աղջիկն ինքնամեկուսացված է Նոյեմբերյանում, իսկ տղամարդը Երեւան է տեղափոխվել։ Նրանք նմուշառվել են, որ իմանանք վտանգ կա, թե չէ», - նշեց Արմեն Նազինյանը՝ հավելելով, որ հիվանդի աղջիկը մոր հետ վերջին անգամ շփվել է ամսի 5-ին։

Ըստ նրա՝ ինքնամեկուսացված գյուղացիներ չկան, սակայն հավաքագրվել է այն մարդկանց ցանկը, որոնք սերտ շփում են ունեցել թաղման մասնակցած տղամարդու հետ։ Այդ թիվը մոտ 20 է։ «Էդ մարդը ոչ մի գանգատ չունի, բայց կանխարգելելու համար հետազոտում ենք», - հավելեց Ա. Նազինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել