Նախատեսվում է տուգանք սահմանել հարկային ուսումնասիրությանը խոչընդոտելու համար |hetq.am|
12:38 - 11 մայիսի, 2020

Նախատեսվում է տուգանք սահմանել հարկային ուսումնասիրությանը խոչընդոտելու համար |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է վարչական պատասխանատվություն նախատեսել հարկային ուսումնասիրություններին և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող գործողություններին խոչընդոտելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նման փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել քննարկման։

ՊԵԿ-ը մասնավորապես առաջարկում է քաղաքացիներին 100 հազար դրամով տուգանել՝ ստուգում, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու կամ ստուգվող, հարկային հսկողություն իրականացվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելու, փաստաթղթեր չտրամադրելու, գույքի պահպանությունը չապահովելու համար։ Այս գործընթացների խոչընդոտող պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքն ավելի մեծ կլինի՝ 200 հազար դրամ։

Ստուգումները պետք է կատարվեն հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով։

ՊԵԿ-ն ընգծել է, որ վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաև ուսումնասիրությունների միջոցով: 

«Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել, վարչական պատասխանատվություն նախատեսելով, նաև ուսումնասիրություններ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար»,-հայտնել է պետական եկամուտների կոմիտեն:

Նշենք, որ «Հարկային օրենսգրքով» սահմանվում է, որ հարկային հսկողությունն իրականացվում է հարկային ստուգումների, հարկային ուսումնասիրությունների և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող գործողությունների եղանակներով:

Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ խախտումների բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում օպերլիազորների օրինական պահանջները տնտեսվարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվում։ Մասնավորապես՝ արգելվում է զննել ավտոմեքենաները, որը ենթադրում է դրանցում առկա մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ուսումնասիրում, հաշվառում, գույքագրում։ Կամ արգելվում է մուտք գործել հարկ վճարողի առևտրային, արտադրական, պահեստային տարածքներ, որտեղից փաստացի իրականացվում են ապրանքների մատակարարումներ և տեղափոխություններ։

Ըստ ՊԵԿ-ի՝ խնդիրներ են առաջանում նաև մատակարարվող ապրանքների ամսաթվերի, բեռնման (բեռնաթափման) վայրերի և այլ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, չեն ներկայացնում համապատասխան բացատրություններ, տեղեկանքներ (այդ թվում՝ ապրանքային մնացորդների վերաբերյալ) կամ տեղափոխություն իրականացնող վարորդները, առաքիչները չեն ներկայացնում իրենց անձը հաստատող փաստաթղթերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել