Լարված իրավիճակ Տավուշի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի
 |shamshyan.com|
17:30 - 10 մայիսի, 2020

Լարված իրավիճակ Տավուշի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի |shamshyan.com|

shamshyan.com: Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները:

Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»:

Խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները:

*****

17:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները, հանդիպելով մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Կ. Ցուցուլյանի և Իջևանի բաժնի պետ Կ. Հակոբյանի հետ, եկան հայտարարի և դադարեցրեցին բողոքի ակցիան ու ճանապարհը բացեցին:

Երթևեկությունը նշված հատվածում կարգավորվել է, սակայն բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Վստահելով ու հավատալով մարզի ոստիկանության պաշտոնյաներին, դադարեցնում ենք բողոքի ակցիան, հավատալով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օբյեկտիվ կուսումնասիրի խնդիրը: Հակառակ դեպքում՝ պատրաստ ենք այս անգամ նույնիսկ գիշերը մնալ այստեղ՝ փակելով ճանապարհը»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել