Ինչո՞ւ են քաղաքացիները ստացել 68 հազար դրամից պակաս աջակցություն
 |fip.am|
13:22 - 10 մայիսի, 2020

Ինչո՞ւ են քաղաքացիները ստացել 68 հազար դրամից պակաս աջակցություն |fip.am|

fip.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, դրանց շրջանակում կատարված հատկացումները և շահառուների ընտրությունը վերջին շրջանում բուռն քննարկումների պատճառ են դարձել։

Միջոցառումներից 8-րդը և դրա շրջանակում տրամադրված աջակցությունը հատկապես քննարկվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Խնդրահարույց էր համարվում հատկապես միջոցառման շահառուներին տրամադրված աջակցության չափը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 8-րդ միջոցառման իրականացման կարգը, շահառուների ընտրության մեխանիզմները և առկա խնդիրները։

Միջոցառման շահառուները

Այս միջոցառման նպատակը կորոնավիրուսից տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին սոցիալական աջակցություն հատկացնելն է։ Միջոցառումը նպատակ ունի մեկանգամյա դրամային աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք 2020 թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են ծրագրի համար ընտրված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր: Ընտրված ոլորտներից են հյուրանոցային և հյուրատնային բիզնեսը, հանրային սննդի ոլորտը, զբոսաշրջային ծառայությունների մատուցման ոլորտը, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները և այլն: Նախապես հաստատված ցանկն ընդլայնվեց ապրիլի 30-ին՝ կառավարության որոշմամբ:

Որքա՞ն գումար է հատկացվել շահառուներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքյան իր էջում, իսկ ավելի ուշ նաև Ազգային Ժողովում հայտարարեց, որ տուժած ոլորտների աշխատակիցները կստանան 68-136 հազար դրամի չափով աջակցություն, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով:

Մայիսի 8-ի դրությամբ 8-րդ միջոցառման շահառու է շուրջ 95 հազար անձ, սակայն հրապարակված ցանկում անհատ ձեռնարկատերերը և աշխատողները որևէ կերպ առանձնացված չեն։ 

Սոցիալական ապահովության ծառայություն online.ssa.am կայքում հրապարակված պաշտոնական տվյալներից տեղեկանում ենք, որ տրամադրված աջակցության ընդհանուր չափը կազմել է շուրջ 6 միլիարդ 660 միլիոն դրամ։ 

Ուշագրավ է, սակայն, շահառուների մի մասին հատկացված գումարների չափը։ Այսպես, շուրջ 8000 շահառուի հատկացվել է 1000-ից 25 հազար դրամի աջակցություն, որից 815-ին հատկացված աջակցության չափը կազմել է 1000-5000 դրամ: Այս խմբի պարագայում, եթե շահառուն անհատ ձեռնարկատեր է, ապա ստացվում է, որ վերջիններիս եռամսյակային շրջանառությունը կազմել է 10,000 — 50,000 դրամ։ 



25,000-40,000 դրամ աջակցություն ստացողների թիվը 11 հազար է։ Մոտ 12,600 քաղաքացի էլ ստացել է 40,000-68,000 դրամ աջակցություն։ 

Ինչ վերաբերում է Բաբկեն Թունյանի կողմից նշված 68-136 հազար դրամին, ապա այդ միջակայքում աջակցություն է հատկացվել մոտ 64,500 քաղաքացու։ Սա շահառուների ընդհանուր թվի շուրջ 67․8 տոկոսն է։ Նրանցից 11,700-ը ստանալու են առավելագույն՝ 136 հազար դրամ աջակցություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում աջակցության չափը

Ծրագրով նախատեսված է տրամադրվող աջակցության հաշվարկման մի քանի մեխանիզմ: Վարձու աշխատողներին տրամադրված աջակցության չափը հաշվվում է ըստ հունվար և փետրվար ամիսներին նրանց ստացած աշխատավարձերի: Այսպես՝ եթե երկու ամիսներին ստացած միջին աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը (68 հազար դրամ), ապա տրամադրվող աջակցությունը միջին աշխատավարձի 50 տոկոսի չափով է, սակայն ոչ պակաս, քան 68,000 դրամը: Առավելագույն շեմը 136 հազար դրամն է: Եթե վարձու աշխատողը հունվար ամսին ստացել է 65,000 դրամ աշխատավարձ, փետրվարին՝ 90 հազար դրամ, ապա վերջինիս միջին աշխատավարձը կազմում է 77,500 դրամ։ Ըստ աջակցության 8-րդ ծրագրի՝ աշխատողին պետք է տրվի այս աշխատավարձի 50 տոկոսի չափով փոխհատուցում։ Բայց քանի որ, ըստ ծրագրի, աշխատողին տրվող աջակցությունը չի կարող պակաս լինել 68,000 դրամից, ապա վերջինս ստացել է հենց 68,000 դրամ։ 

Իսկ այն աշխատողները, որոնց երկու ամիսների միջին աշխատավարձը չի գերազանցել 68,000 դրամը, ստացել են միջին աշխատավարձի չափով աջակցություն: Օրինակ՝ եթե վարձու աշխատողի աշխատավարձը հունվարին կազմել է 20,000 դրամ, փետրվարին՝ 30,000 դրամ, ապա աջակցության չափը կկազմի 25,000 դրամ:

Սակայն կառավարության հաստատած ծրագրում և դրա պարզաբանումներում ներկայացված և շահառուների ցուցակում հրապարակված թվերը որոշ հարցեր են առաջացնում։

Պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ միջոցառման շրջանակում տուժած ոլորտների աշխատակիցները միանվագ աջակցություն կստանան 68-136 հազար դրամի չափով, իսկ Ա/Ձ-ները՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով։

Պատգամավորի այս գրառումից տպավորություն էր ստեղծվում, թե աջակցության նվազագույն շեմը 68,000 դրամն է։

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն այս հարցի մասին խոսելիս պարզաբանել էր, որ այս ցանկում ընդգրկված են նաև այն աշխատողները, որոնց ամսական միջին աշխատավարձն ինչ-ինչ պատճառներով ցածր է նվազագույն աշխատավարձից, հետևաբար՝ ցանկում ընդգրկված անձանց մի մասին բաժին ընկած պետական աջակցությունը ցածր է 68 հազար դրամից։

Թե հրապարակված ցանկում մինչև 68,000 դրամ աջակցություն ստացած անձանցից քանի՞սն են համարվում աշխատողներ և քանիսը՝ անհատ ձեռնարկատերեր՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս ծրագրում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը ստացել է նվազագույն աշխատավարձից պակաս աջակցություն։

Անի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել