Նոր օրինագիծը հարված է հասցնելու օնլայն համակարգի տաքսու վարորդներին․ նրանց մեծամասնությունը ի վիճակի չի լինի կատարել պարտադիր վճարները. Ավետիս Գասպարյան |shantnews.am|
15:48 - 09 մայիսի, 2020

Նոր օրինագիծը հարված է հասցնելու օնլայն համակարգի տաքսու վարորդներին․ նրանց մեծամասնությունը ի վիճակի չի լինի կատարել պարտադիր վճարները. Ավետիս Գասպարյան |shantnews.am|

shantnews.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել նոր օրինագծով, որը տաքսու վարորդների համար սահմանում է լիցենզիայի 2 նոր տեսակ։ Ըստ այդմ՝ եթե վարորդը ուզում է համագործակցել օնլայն որևէ պլատֆորմի հետ, պետք է ստանա համապատասխան լիցենզիա, գրանցվի որպես ԱՁ, վճարի տարեկան միանվագ 100 հազար դրամ, ինչպես նաև ամսական պարտադիր վճարներ, որոնք կհասնեն մինչև 11000 դրամի՝ կախված հարկային ռեժիմից, ու նաև ամսական 9500 դրամ պետական տուրք Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար։

Վարորդը կստանա անվճար լիցենզիա, եթե դադարեցնի համագործակցությունն օնլայն տաքսի ծառայությունների հետ և սպասարկի բացառապես փողոցից ստացած պատվերները։

Նոր օրինագծի, դրա հետևանքների, նպատակների և այլնի մասին է զրույցը Հայաստանում «Yandex.Taxi»-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանի հետ։

– Պարոն Գասպարյան, ըստ Ձեզ՝ ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական  փոփոխությունները որքանո՞վ են նպատակային և արդյո՞ք կլինեն արդյունավետ ոլորտի վերահսկողության տեսանկյունից։

– Նախ՝ նշեմ, որ օրենսդրական այս նախագծի վերաբերյալ մենք ու մեր գործընկերները պատասխանատու մարմիններին նախապես ներկայացրել էինք մեր առաջարկները, ոլորտի զարգացման վերաբերյալ մեր պատկերացումները, որոնք, սակայն, այս օրինագծում մեծամասամբ հաշվի չեն առնվել։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում մեր առաջնային ձեռքբերումներից մեկն այն է, որ ուղևորափոխադրումներն այժմ 90 և ավել տոկոսով իրականացվում են օնլայն պատվերների միջոցով։ Այսինքն՝ մեր հասարակական վարքագիծը փոխվել է, մարդիկ վստահում և օգտվում են օնլայն տաքսի ծառայություններից, որովհետև իրենք էլ տեսնում են, որ այստեղ կա թափանցիկություն՝ սպասարկման, մեքենայի վերահսկողության, վարորդի վարվելակերպի, գնային քաղաքականության, հարմարության, արագության, տարբեր սակագներից օգտվելու հնարավորության, վճարման եղանակների ճկունության և այլն, սակայն նոր օրինագծով վարորդներից շատերը ստիպված են լինելու հրաժարվել օնլայն հարթակների հետ համագործակցությունից։

Այս օրինագիծը հարված է հասցնելու վարորդներին սոցիալական տեսնակյունից․ նորություն չէ, որ մարդիկ աշխատում են օնլայն հարթակների հետ, որպեսզի կարողանան երկրորդ կամ երրորդ եկամտի աղբյուրից օգտվել ընտանեկան կարիքները հոգալու համար։

Նոր օրինագիծը կծանրացնի նրանց բեռը՝ անուղղակիորեն պարտադրելով, որ օնլայն հարթակների հետ համագործակցելու դեպքում տարվա կտրվածքով վճարեն մինչև 350 հազար դրամ, որը փաստացի մեր օգտատերերի մեծամասնությունը ի վիճակի չի լինելու վճարել։ Չէ՞ որ պետք է տարբերակված մոտեցում լինի հարկերի ու տուրքերի դեպքում․ մարդիկ այս օրինագծով ոչ թե հարկվելու են, այլ նախապես տուրքի ձևով վճարելու են մի բանի համար, որից դեռ եկամուտ էլ չեն ունեցել։ Ու սա, բնականաբար, վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև մարզերին։

Վարչապետը մեկ տարի առաջ հայտարարեց, որ ֆիզիկական անձ տաքսու վարորդները ազատվում են հարկերից ու տուրքերից, հիմա օրենքն արդեն ասում է, որ վարչապետի նշած չափորոշիչի մեջ չի մտնում այն մարդը, որն օնլայն տաքսի ծառայությունների հետ է աշխատում․ սա բացահայտ խտրականություն է։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր ոլորտի միայն 5-10 տոկոսին։

– Այդ դեպքում ոլորտի վերահսկողության ի՞նչ տարբերակ եք առաջարկում Դուք։

 Արդարացի է ինքնազբաղվածների օրինակը։ Այս ձևաչափը Ռուսաստանում և մի շարք այլ ԱՊՀ երկրներում լայն տարածում ունի։ Վարորդը ներբեռնում է պետական համապատասխան գերատեսչության կողմից ստեղծված հավելվածը, հաշված րոպեների ընթացքում գրանցվում է հարկվճարողների համակարգում, որից հետո համակարգից հղում է ստանում, և հետևելով այդ հղմանը, կարող է ամենապարզ եղանակով վճարել իրականացված ուղևորափոխադրումների արդյունքում գոյացած շրջանառության մասով հարկերը։ Պատկան մարմինների համար այս մոտեցումը ավելի քան վերահսկելի է: Ռուսաստանում, օրինակ, ինքնազբաղվածների հարկը 4-6 տոկոս է` կախված այն սակագներից, որոնցով նա իրականացրել է ուղևորափոխադրումները։

Երկրորդ տարբերակն այն է, որ վարորդը հարկ վճարի այնքան, որքան ուղևորափոխադրման պատվեր է իրականացնում։ Եթե վարորդն աներ օրինակ՝ ամսական 1, 10 կամ 100 ուղևորություն, և ինչպես օրինակ՝ Yandex.Taxi-ի դեպքում յուրաքանչյուր պատվերից միջնորդավճար է տալիս ընկերությանը, նույնկերպ էլ որոշակի գումար կամ տոկոս ամեն պատվերից վճարեր պետությանը, օրինակ՝ 20-30 դրամ։ Սրան բոլորն էլ, կարծում եմ, համաձայն կլինեին։

Այս 2 տարբերակներն էլ բացարձակ թափանցիկ գործընթացներ են, քանի որ վարորդները օնլայն հարթակներից օգտվելու համար վճարում են բացարձակապես անկանխիկ եղանակով։ Օրենքի տրամաբանությունը կլիներ արդար, եթե հաշվի առներ այն հանգամանքը, որ մարդիկ, ինչպես իրավաբանական այլ անձինք, հարկվեն այնքան, ինչքան աշխատեն։ Մենք պատրաստակամություն էինք հայտնել անգամ ինքներս ստեղծել տեխնիկապես անհրաժեշտը, որ այս գործընթացը տեղի ունենա։

Չմոռանանք, որ նույն այս օնլայն հարթակների օգնությամբ է նաև, որ երկրում սոցիալական խնդիր է լուծվում։ Լավ օրից չէ, որ մարդիկ, ունենալով հիմնական աշխատանք, մտածում են եկամտի երկրորդ ու երրորդ աղբյուր ունենալու մասին։ Օնլայն հարթակների հետ համագործակցությունն իրենց համար ամենաքաղաքակիրթ, թափանցիկ ոլորտներից է, որ որևէ պահի կարողանում են գումար վաստակել, ու լուծել կենսական նշանակության խնդիրներ։

Շարունակությունը՝ shantnews.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել