Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում ընդգրկվել է 484 հողօգտագործող
19:36 - 08 մայիսի, 2020

Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում ընդգրկվել է 484 հողօգտագործող

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն արտակարգ դրության պայմաններում ևս շարունակում է իրականացնել «Աեզոնային զբաղվածության խթանման» ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումն է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, hաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ  գրեթե չկան, ծրագրի իրականացումն ընթացել է անխափան:

«Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում մայիս ամսվա դրությամբ ընդգրկվել է 484 հողօգտագործող, կնքված պայմանգրերի ընդհանուր արժեքը կազմել է 96,9 մլն դրամ:

Մեկ օրվա աշխատանքի դիմաց ծրագրի շրջանակներում հողօգտագործողին և աշխատանքներում ներգրավված անձանց վճարվում է 4 հազարական դրամ: Բացի այդ, գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը:

 Ծրագրի իրականացման համար 2020 թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված է 605,3 մլն. դրամ,  նախատեսված է ծրագրում ընդգրկել 2400 հողօգտագործողի:

Հիշեցնենք, որ ծրագրում կարող են ընդգրկվել մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը, ով որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, և ում ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում:

Մեկ ծրագրի տևողությունը կազմում է առավելագույնը 180 օր, իսկ աջակցության չափը՝ առավելագույնը 350.000 դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել