armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում մեղադրող կողմը դատարանից խնդրեց մերժել փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդությունները՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ չի վերացել գործի քննությանը խոչընդոտելու և  թաքնվելու ռիսկը։

«Դատավարական առումով դեռ ոչինչ տեղի չի ունեցել, գործով որևէ դատավարական գործողություն չի իրականացվել, որևէ անձ դատարանում չի հարցաքննվել, քննությանը խոչընդոտելուն որևէ ռիսկ չի նվազել»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով համաճարակային իրավիճակով Քոչարյանին ազատ արձակելու հիմքերին՝ դատախազը նշեց, որ  միջազգային կառույցների կողմից հրապարակված սկզբունքներում չկա որևէ մատնանշում, որ պետությունները պարտավոր են ռիսկային խմբում գտնվող անձանց, համավարակով պայմանավորված, առանց հիմքերին անդրադառնալու ազատ արձակել և կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառել։

Պետրոսյանը գտնում է, որ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունները խափանման միջոցը փոխելու վերաբերյալ անհիմն են և դրանք ենթակա են մերժման։