Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական
14:14 - 08 մայիսի, 2020

Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Մայիսի 6-ին Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանը վախենում է դատապարտվելուց․ օրինագծի տապալումը իրեն չի փրկի» վերտառությամբ նյութ, որտեղ ասվում է, թե ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ սահմանադրական կարգի տապալման դեպքում վաղեմության ժամկետ չկիրառելու մասին նախագծի մերժումը վարչապես Նիկոլ Փաշինյանին ապահովագրելու համար է։

Կայքը, մասնավորապես, հետաքրքրական է համարել, որ նախագծին բացասական եզրակացություն է տրվել գործադիրի կողմից։ Նյութի հեղինակի պնդմամբ՝ կառավարության ներկայացրած հիմնավորումները երերուն են, սակայն դրանց մեկնաբանությունը հոդվածագիրը թողել է իրավաբաններին։ 

Հեղինակը ներկայացրել է, իր խոսքով, հարցի քաղաքական կողմը՝ գրելով, որ անձամբ Փաշինյանի համար այս հարցը կենսական կարեւորություն պետք է ունենար․

«Հենց սահմանադրական կարգի տապալման հոդվածն է նա շահարկում քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար նրանց հանդեպ, որոնք նրա քինախնդրության թիրախում են հայտնվել։ Հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանի կաբինետը բացասական եզրակացություն տվել։ Արդյոք Փաշինյանը չունի մտավախություն, որ այդ հոդվածը եթե ընդունվեր, ապա վաղը մյուս օրը հենց ինքն էլ կարող էր դատվել։ Ստացվում է, որ Փաշինյանը գուցե ներքուստ համոզված է, որ մի օր սահմանադրական կարգի տապալման ուղտն իր դռանն է չոքելու եւ էս գլխից է ուզում իրեն ապահովագրած լինել»,- ասված է նյութում։

Զերծ մնալով կառավարության հիմնավորումների վերաբերյալ իրավական գնահատականներից՝ ստորեւ ներկայացնում ենք օրենսդիրի նպատակը, նախագծի քննարկման ընթացքն ու այն լիագումար նիստերի օրակարգ չընդգրկելու փաստարկները։

Ապրիլի 30-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց իր հեղինակած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» վերը հիշատակված նախագիծը։

Ինչպես արդեն նշեցինք՝ դրանով Պետրոսյանն առաջարկում էր քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն։

Պատգամավորը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել է, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտ, այսինքն՝ եթե այս կամ այն արարքի կատարումից անցել է կոնկրետ ժամանակահատված, ապա այլեւս հնարավոր չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու նրան պատասխանատվության ենթարկելը։ Բայց, հաշվի առնելով առանձին հանցագործությունների առավել վտանգավոր լինելու հանգամանքը, այն թիրախները, որոնց դեմ ուղղված են այդ հանցագործությունները, եւ դրանց արդյունքում մարդկությանը պատճառվելիք վնասի բնույթն ու ծանությունը՝ ՔՕ-ն բացառություններ է նախատեսել առանձին հոդվածների մասով։ Օրինակ՝ ցեղասպանությունը, որպես առանձին հանցատեսակ, երբ էլ կատարված լինի, ժամանակը հիմք չէ դրանում մեղադրվող անձին քրեական պատասխանատվության չենթարկելու համար։

Պետրոսյանի խորին համոզմամբ՝ վաղեմություն չճանաչող արարքների մեջ պետք է ներառել նաեւ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, քանի որ սա, ըստ նրա, այն հոդվածն է, որում մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու համար պետությունը չպիտի ճանաչի ժամկետներ։ Այսպիսով՝ պատգամավորը համաձայն չէ նախագծին բացասական եզրակացություն տված կառավարության հիմնավորումների հետ։

Իսկ կառավարությունն առաջարկել է անփոփոխ թողնել ՔՕ համապատասխան հոդվածները՝ ընդգծելով, որ քրեական օրենսդրությամբ վաղեմության ժամկետները որպես քրեական պատասխանատվությունից ազատման իրավական հիմք նախատեսելն ինքնանպատակ չէ։

Գործադիրի պնդամբ՝ հանցագործության կատարման պահից երկար ժամանակ անցնելու դեպքում օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ հանցագործությունների բացահայտումը դժվարանում է, ապացույցները ոչնչանում են կամ կորցնում են իրենց ապացուցողական նշանակությունը, մոռացվում կամ աղավաղվում է վկաներին հայտնի տեղեկատվությունը։

Կառավարությունն իր առաջարկության մեջ նշել է նաեւ, որ արտասահմանյան երկրներում հանցագործությունների այն շրջանակը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, գրեթե նույնական է, եւ այդ ցանկում ներառված չէ սահմանադրական կարգի տապալման հոդվածը։ Այդպիսի քրեական օրենսդրություններ ունեցող երկրներն են, օրինակ, Իսպանիան, Խորվաթիան, Գերմանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Էստոնիան, Չեխիան, Դանիան, Լիվան, Լատվիան, Հունգարիան, Վրաստանը, եւ այլն։ 

Գործադիրը նաեւ ներկայացրել է ՄԱԿ-ի՝ 1968 թվականի նոյեմբերի 26-ի  «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որով մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնել՝ անկախ կատարման ժամանակից՝ վաղեմության ժամկետներ չսահմանել Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների նկատմամբ, որոնց թվում չեն սահմանադրական կարգի դեմ ուղղղված հանցագործությունները։ 

Գեւորգ Պետրոսյանը կառավարության այս փաստարկին հակադարձել է պնդմամբ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ Կոնվենցիայով որոշված արարքների շրջանակը չի արգելում պետություններին՝ իրենց ներքին օրենսդրութամբ ընդարձակել այն արարքների ցանկը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում տվյալ պետության ներքին եւ արտաքին անվտանգության համար․ պատգամավորի համոզմամբ՝ սահմանադրական կարգի տապալումը լրջագույն սպառնալիք է երկրի անվտանգությանը․

«Ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Որեւէ պաշտոնյա չպետք է հնարավորություն ունենա որեւէ պատճառաբանությամբ թույլ տալ կամ հանդուրժել սահմանադրական կարգի դեմ որեւէ գործողություն: Առավելեւս, արտաքին մարտահրավերներով լեցուն պետություններում այս պահանջի պահպանումը խիստ կարեւոր է»,- նշել է Պետրոսյանը։

Հանձնաժողովում քննարկումն ընթացել է ոչ թե Պետրոսյանի առաջարկի ընդհանրապես մերժելու տրամադրությամբ, այլ այն առաջարկի կոնտեքստում, որ գուցե պետք է գնալ ընդհանուր վաղեմության ժամկետները վերանայելու ճանապարհով, ոչ թե կոնկրետ հանցագործության դեպքում այն ուղղակի վերացնելու։ Նախագծի ընդդիմախոսները կարծիք են հայտնել, որ նման սոցիալական անհրաժեշտություն չկա միայն մեկ հոդվածի եւ, առհասարակ, այն հոդվածների համար, որոնք մարդկության խաղաղության դեմ չեն ոտնձգում եւ վերաբերելի չեն խոշտանգման դեպքերին։

Այդուհետեւ, հանձնաժողովը եւս բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ արձանագրելով այն փաստը, որ ներպետական օրենսդրական կարգավորումներում առկա են իրավական խնդիրներ՝ վաղեմության ժամկետների կիրառելիության հետ կապված։ Հիմնավորվել է, որ նախագծով նախատեսված փոփոխությունները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից, և հակասում են ՀՀ Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներին․

«Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցավոր արարքի նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ նորմը պետք է գիտականորեն հիմնավորված լինի՝ մատնանշելով թե արարքի և անձի վտանգավորության անփոփոխությունը, և թե նույնիսկ շատ երկար ժամանակի հոսելու դեպքում՝ դրա բացահայտման իրական հնարավորությունը, այն պետք է բխի ինչպես տվյալ պետության ստանձնած միջազգային պարտավորություններից, այնպես էլ ներպետական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից, ինչը վերոնշյալ նախագծի դեպքում այդպես չէ»,- ասված է Հանձնաժողովի բացասական եզրակացության հիմնավորման մեջ:

Պետաիրավական հանձնաժողովի այս եզրակացության հիմք հանդիսացող փորձաքննության մեջ էլ նշված է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում  համաչափության սահմանադրական սկզբունքին: 

Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստանալուց հետո մայիսի 5-ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ։

Այսպիսով, վերադառնալով Politik.am կայքի հրապարակման բովանդակությանը՝ հարկ է ընդգծել, որ նյութից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը միտումնավոր մերժել է նախագիծը, այնինչ, ինչպես պարզ է դառնում ԱԺ հանձնաժողովի նիստից, կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, նախագծին կտրականապես դեմ չի արտահայտվել, նույնը նաեւ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները։ Ընդ որում՝ վերջիններից ոմանք նույնիսկ ձեռնպահ են քվեարկել նախագծին, եւ ոչ թե՝ դեմ։ 

Բանն այն է, որ կտրականապես դեմ չլինելու պարագայում էլ կառավարությունը ոչ թե առաջարկել է վերանայել առհասարակ վաղեմության ժամկետները, այլ քննարկվող հոդվածներն ընդհանրապես թողնել անփոփոխ։ 

Ինչ վերաբերում է նյութի այն հարցադրմանը, թե արդյոք Փաշինյանը չունի՞ մտավախություն, որ այդ հոդվածի ընդունման դեպքում գուցե ինքն էլ կարող էր դատվել, «հատկապես, որ իր իշխանության գալը, արդեն այսօր շատ մասնագետներ որակում են որպես իշխանության զավթում շանտաժի միջոցով եւ սահմանադրական կարգի տապալում», նշենք, որ օրենքը հետադարձ ուժ չունի, այն չի կարող վերաբերել մինչեւ դրա ուժի մեջ մտնելը եղած իրադարձություններին ու անձանց, ինչի մասին հայտարարել է նաեւ ինքը՝ Գեւորգ Պետրոսյանը։ Հետեւաբար, կայքի այս ակնարկը եթե անտեղյակության արդյունք չէ, ապա առնվազն մանիպուլյացիա է։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել