Կանադան Արցախի հարցում հավասարակշռված դիրքորոշում ունի. պարզաբանում է այդ երկրի ԱԳ նախարարը

 |armenpress.am|
19:49 - 07 մայիսի, 2020

Կանադան Արցախի հարցում հավասարակշռված դիրքորոշում ունի. պարզաբանում է այդ երկրի ԱԳ նախարարը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպինը նամակ է հղել Կանադայի Հայ դատի հանձնախմբին (ANCC)՝ ներկայացնելով Կանադայի դիրքորոշումը Արցախի հարցում։ 

«Կանադայի դիրքորոշումը շարունակում է հենված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ ամուր և կայուն աջակցության վրա, որի գործունեությունը միտված է հակամարտության բանակցային ճանապարհով լուծմանը։ Մեր դիրքորոշումը որևէ կերպ չի կանխորոշում գործընթացի վերջնարդյունքը։ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ այն հարցում, որ հակամարտությունը չի կարող ունենալ որևէ ռազմական լուծում և, որ ցանկացած բանաձև պետք է համապատասխանի Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքներին», – Նշել է Կանադայի արտգործնախարարը։

Անդրադառնալով մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ Twitter սոցիալական կայքում Թուրքիայում Կանադայի դեսպանատան տարածած գրառմանը՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպինը նշել է. «Ցավում եմ այն մտահոգությունների համար, որ այս թվիթը կարող է առաջացրած լինել Կանադայի Հայ դատի հանձնախմբի և կանադահայ համայնքի շրջանակում։ Կցանկանայի հավաստիացնել, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր մշտական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել»։

Հիշեցնենք, որ Անկարայում Կանադայի դեսպանատունը, որը նաև հավատարմագրված է Ադրբեջանում, իր գրառման մեջ նշել էր․ «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում 2020 թ. մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված  «ընտրությունները»։ Նման ընտրությունները խաթարում են ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Կանադայի արտգործնախարարն իր նամակում փաստացի ընդգծել է, որ հակամարտության լուծումը պետք է հենված լինի բոլոր միջազգային սկզբունքների հիման վրա՝ հղում կատարելով Հելսինկիի Եզրափակիչ ակտին։ Հիշեցնենք, որ Եզրափակիչ ակտի սկզբունքներից է նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ 

«Մենք խաղաղ հասարակություններ ենք ուզում, և մենք կաջակցենք այդ լուծմանը, երբ այն ձեռք բերվի»,- նշել է Կանադայի ԱԳ նախարարը։

Ապրիլի 3-ին Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները ԱԳ նախարարին նամակ էին հղել՝ անդրադառնալով Կանադայում Թուրքիայի դեսպանատան կատարած գրառմանը և խնդրելով հեռացնել հայտարարությունը ու հետ կանչել Թուրքիայում Կանադայի դեսպանին՝ պետության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը ձախողելու պատճառով։

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ գրառումը քննադատել էր նաև Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսը։

Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահներ Հրագ Տարագճյանը և Շահեն Միրաքյանը, իրենց հերթին, գոհունակություն են հայտնել ԱԳ նախարարին՝ ԼՂ հակամարտության հարցում Կանադայի դիրքորոշման մեջ հավասարակշռությունը պահպանելու և Անկարայում Կանադայի դեսպանատան կատարած միակողմանի գրառմանը արդյունավետ պատասխան տալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել