hetq.am: Ամառվա ընթացքում Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի:

Այս մասին խորհրդարանում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրման, թե որ ՔԿՀ-ներն են անցել սննդի մատակարարման նոր համակարգի:

Բադասյանի խոսքով` այժմ մասնավոր ընկերությունների հետ համագործակցում է 9 ՔԿՀ, դրանք են` «Արմավիր», «Աբովյան», «Նուբարաշեն», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Հրազդան» և «Սևան»: Ակնկալվում է, որ  հունիսից այդ համակարգին անցում կկատարեն նաև «Կոշ», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ները։

Ինչ վերաբերում է  «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների փակման և նոր ՔԿՀ կառուցելուն, նախարարն ասաց, որ այն ներկայացված է նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրում, քննարկվում է կառավարությունում: Բադասյանի խոսքով` արվում է առավելագույնը, որ այդ երկու ՔԿՀ-ների փոխարեն կառուցվի ժամանակակից պայմաններով ՔԿՀ:

Հիշեցնենք, որ խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2019 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հետաքրքրվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետներից, ասելով, որ քաղաքացիները մեղադրում են իշխող ուժին արագ չարձագանքելու համար: Պատգամավորը նաև ահազանգեր էր ստացել, որ օրենքի ընդունումից հետո որոշ անձինք իրենց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերումը փորձում են ինչ-որ կերպ օրինականացնել:

«Նրանք, ովքեր կեղծ պայմանագրեր են կնքում, մեր աշխատանքը հեշտացնելու են, որովհետև բավական լավ ապացույցներ են հավաքվում ապօրինի գույքի մասին: Ինչ վերաբերում է գույքի` բարեխիղճ ձեռքբերողին, ոչ մի պատշաճ գույք ձեռք բերող առանց տարրական անհրաժեշտ փաստաթղթերի գույք ձեռք չի բերի, նման ռիսկի չի գնա, բայց որոշակի աշխատանքներ տարվում են, ձեռնարկ է պատրաստվում, թե որ դեպքերում պետք է էդ ազդակները ճիշտ մարմիններին ուղղորդվեն, որ նման ռիսկերը չեզոքացվեն»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

Նախարարը նաև մանրամասնեց`օրենքի ստորագրման և ուժի մեջ մտնելու դեպքում որոշակի ժամկետ կա և մոտ երեք-չորս ամսվա աշխատանք՝  մինչև օրենքն ամբողջ ծավալով գործի:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հետաքրքրվեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումներից:

Արդարադատության նախարարն արձագանքեց` աշխատանքներ են տարվում հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև սեպետմբեր, այնուհետև ներկայացվի հանրային քննարկման:

«Հիմա համավարակի պատճառով ֆիզիկապես չենք իրականացնում նիստերը, տեսակապով ենք քննարկում, բայց ամեն շաբաթ նիստ ենք անում»,-եզրափակեց նա: