hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին 50 միլիոն դրամ հատկացրեց փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների ցանկը ճշտելու և դրանց մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելու նպատակով:

Գումարը տրամադրվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Նախարարության հաղորդմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում ճշգրտելու կառուցվելիք 22 մոդուլային շենքերով հանրակրթական դպրոցին անհրաժեշտ հիմնական միջոցների (դպրոցական, մարզական և վարչական մասի գույք, կահույք, էլ. սարքավորումներ և այլն) կազմն ու քանակն, ինչպես նաև հաշվարկվում է դրանց շուկայական արժեքները, որպեսզի համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվի 2020, 2021 և 2022 թվականների պետական բյուջեներով:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, համագործակցելով կրթության և գիտության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, քաղաքաշինության կոմիտեի, միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ, մշակել է մինչև 100 երեխայի համար նախատեսված համայնքահեն հանրակրթական ուսումնական հաստատության մոդելը և էսքիզը, որը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

2013-2015 թվականներին իրականացված ծրագրի արդյունքում բացահայտվել են Հայաստանում գործող հանրակրթական դպրոցների շենքերի տիպերը` գնահատվել դրանց համապատասխանությունը շենք-շինությունների գործող սեյսմիկ նորմերին և տեխնիկական վիճակը, բացահայտվել և դասակարգվել են դպրոցները՝ ըստ խոցելիության աստիճանի: Այնուհետև, կառավարության կողմից մշակվել և հաստատվել է առաջնահերթ հիմնանորոգման, վերակառուցման, ուժեղացման և արդիականացման կարիք ունեցող 425 կրթական օբյեկտների ցանկը:

Պետական բյուջեիայս տարվա օրենքի նախագիծը մշակելիս այդ ցանկից ընտրվել են 22 դպրոցներ:

Դպրոցները ընտրվել են հետևյալ սկզբունքներով. դպրոցում սովորող աշակերտների թիվը չպետք է գերազանցի 100-ը (հաշվի են առնվել նաև աշակերտների թվի առաջիկա 5 տարիների կանխատեսումները), դպրոցը պետք է լինի տվյալ համայնքի (բնակավայրի) միակ ուսումնական հաստատությունը, դպրոցի շենքը սեյսմիկ անվտանգության առումով պետք է լինի խոցելի, շինարարության ընթացքում պետք է առկա լինի այդ դպրոցի աշակերտների ուսումն այլ վայրում կազմակերպելու հնարավորություն, դպրոցի շենքի օգտագործման, սպասարկման համար հատկացված տարածքը պետք է հնարավորության տա կառուցել դպրոցի մոդուլային շենքը կամ պետք է առկա լինի համայնքի համաձայնությունը համապատասխան հողատարածք հատկացնելու վերաբերյալ:

Նշենք, որ մոդուլային տիպի դպրոցներ մեկհարկանի փոքր կառույցներ են, որոնց միջավայրը հեշտությամբ կարելի է փոփոխման ենթարկել՝ կախված աշակերտների թվից, տարիքից և այլ գործոններից։ Հայաստանի փոքրաքանակ դպորցների պատմությանը անդրադարձել էր նաև «Հետք»-ը: Կարող եք ընթերցել նաև մեր ուսումնասիրությունը: