2019-ին չի հաջողվել լուծել անկախ դատական համակարգ ունենալու հարցը․ Փաշինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|
12:59 - 06 մայիսի, 2020

2019-ին չի հաջողվել լուծել անկախ դատական համակարգ ունենալու հարցը․ Փաշինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ կառավարությունը 2019 թվականի ընթացքում չի կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։

ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը ներկայացրեց, թե ինչու կառավարությանը չի հաջողվել լուծել անկախ և վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։

«Դրան կա մեկ կոնկրետ պատճառ, որովհետև մենք իրոք ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ։ Ես ուզում եմ, որ սա շատ հստակ լինի բոլորիս համար․ մենք ոչ թե ուզում ենք իշխանության, հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ դատական համակարգ։ Եթե մենք ուզենայինք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք։

Ընդ որում, դրա համար 1-2 զանգը կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ, բայց մեր քաղաքական կամքն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ժողովրդավարությունից հետընթաց չի կարող լինել, ժողովրդավարությունը պիտի առաջընթաց ապրի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ անկախ դատական համկաարգը ՀՀ տնտեսական և քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավականն է․ «Մենք այստեղ պետք է հետևողականորեն առաջ անցնենք»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել