ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Factor TV-ի եթերում անդրադարձել է տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներին։

Մասնավորապես՝ վերջին տնտեսական ցուցանիշների համաձայն եռամսյակի կտրվածքով Հայաստանի տնտեսական ակտիվությունը ունեցել է 7 տոկոս աճ, իսկ ապրիլ ամսվա տվյալներով մոտավորապես 9 տոկոս աճ: Աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացի արտաքին առևտրից և էլեկտրաէներգիայի արտադրությունից: Հարցին, թե արդյոք սա բավարար չէ՞ հեղափոխությունից հետո մեկ տարվա համար, Հրանտ Բագրատյանը ասաց․

«Նախ, էդ տվյալները, եթե վերցնենք ապրիլ ամսվա 9,2 տոկոս աճը, սա իրականում գործ ունենք մի թվի հետ, որը կարա լինի իրոք 9.2 տոկոս աճ, բայց կարա լինի նաև 1.5 տոկոս անկում։ Նախ ապրիլ ամսվա աճը: Էս մարդը ապրիլը համեմատել ա անցյալ տարվա ապրիլի հետ: Քանի որ գյուղատնտեսությունն անում են եռամսյակային, ապրիլի թվում գյուղատնտեսություն չկա, որտեղ մենք ունենք փոքրիկ անկում: Գյուղատնտեսությունը համախառն ներքին արդյունքի 18 տոկոսն ա, եթե մենք աճել ենք 9.2 տոկոս, 9.2 տոկոսի 18 տոկոսը անում ա 1.7 տոկոս, այսինքն 9.2-ից հանենք 1.7։  7.5 ստացվե՞ց, ստացվեց:

Հաջորդը՝ ապրիլ ամսին հունվար-ապրիլին առանց գյուղատնտեսության, տնտեսության ամենաարագ ճյուղերը եղել են խաղերը, 38.7 տոկոս, համարյա 40 տոկոս: Խաղերն արդեն կազմում են ՀՆԱ-ի 6.9 տոկոսը: 7 տոկոսանոց տեսակարար կշիռ ունեցող խաղերի 40 տոկոս աճը անում ա 2.8: Խաղերը հեշտությամբ կարելի է 2-3 անգամ ավելացնել, դա ՀՆԱ-ի մյուս ճյուղերի վրա չի ազդում, որովհետև իրանք նման կարգի նյութական ծախսեր չեն պահանջում: Հանգիստ կարող ենք մեր ստացած 7.5-ից հանել 2.4: Տակը կմնա 5.1:

Լրագրողի հարցին, թե արդյոք մանիպուլյացիա կա թվերի մեջ, Բագրատյանը նշեց․

«Իհարկե, օգտվում է առիթից, որովհետև ՀՆԱ-ն թույլ ա տալիս իրան +-10 տոկոս խաղալ: ՀՆԱ-ի ցուցանիշն այդպիսին է: Բայց նա պարտավոր է ազնվորեն ասել, ինչու է ՀՆԱ-ի այդ երկու տոկոսը և ասել, որ շատ հույս մի դրեք: Ուրեմն մնաց 5.1: Մեկ տոկոս լրացուցիչ աճ ինքը ստացել է կուտակայինի պատճառով: Տեսեք, կուտակայինը արտադրվել է և... չէ, որ անցյալ տարի կուտակայինը կրկնապատկվեց, եռապատկվեց նույնիսկ, էսպես ասեմ, ոչ կոմպետենտ Տիգրան Սարգսյանի արածը էս կառավարությունն արդեն թավշյա հեղափոխությունից հետո եռապատկեց:

Ստացվել է այնպես, որ, քանի որ այդ եկամուտները մարդկանց վերադարձվելու են 45 տարի հետո, իսկ հիմա ներկայումս մենք միայն տալիս ենք կուտակայինով, ստացող չունենք, ապա տարբերություն է առաջանում արտադրված ՀՆԱ-ի և ծախսված ՀՆԱ-ի միջև: Օրինակ, ասում ա աշխատավարձները 2 տոկոս ավել են եղել, քան անցյալ տարվա ապրիլին, սա միայն կուտակայինի պատճառով, որովհետև աշխատավարձի բարձրացում պետական հատվածում կամ թոշակի բարձրացում չի եղել: Մի տոկոս էլ ստեղ աճեցինք, 5.1-ից հանենք 1 տոկոս, կմնա 4.1:

Ապրիլ ամսին ունեցել ենք 21 աշխատանքային օր, անցյալ տարի ապրիլին ունեցել ենք քսան, 21-ը 20-ից ավել ա հինգ տոկոս: Այսինքն հինգ տոկոսի չափազանցություն տենց ենք ունենում և, եթե վերցնես, օրինակ, իմ հաշվարկով, և ես կուզեի, որ վարչապետը սրան ուշադրություն դարձներ, ես նույնիսկ կարող եմ պնդել, որ ապրիլի նկատմամբ ունեցել ենք ՀՆԱ-ի 1 տոկոս անկում և սա նույնպես մտնում ա ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանության մեջ»,- ասաց Հրանտ Բագրատյանը։