0-18 տարեկանների անվճար բուժում, շտապօգնության բարելավում, 22 ԲԿ-ի վերակառուցում․ ԱՆ ծրագիր |panarmenian.net|
07:42 - 27 հունիսի, 2019

0-18 տարեկանների անվճար բուժում, շտապօգնության բարելավում, 22 ԲԿ-ի վերակառուցում․ ԱՆ ծրագիր |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում:

Մասնավորապես նախատեսվում է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին է հատկացնել լրացուցիչ 5.1 մլրդ դրամ, որը կուղղվի հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա նաև բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը և ոլորտում ստվերային գործունեության նվազմանը:

Գումարը կուղղվի նաև սրտի վիրահատական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամների, զոհված զինծառայողներին ընտանիքի անդամների: Ինչպես նաև միջոցներ կուղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը:

Նախատեսվում է նաև մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցում: «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.75 մլն դրամ:

«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), կյանք փրկող գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.2 մլրդ դրամ:

«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում։

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ուռուցքաբանական ծառայությունների գները, առողջապահության սահմանափակ բյուջեի պայմաններում, բավականին ցածր են ծառայությունների իրական գներից, մասնավորապես ճառագայթային բուժման ծառայության գինը գրեթե 2 անգամ ցածր է ծառայության իրական արժեքից, իսկ մյուս ուռուցքաբանական ծառայությունների դեպքում էլ` մոտ 30-40%:

«Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել որակյալ շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկող բրիգադների թիվը, մասնավորապես` Երևան քաղաքում ապահովելով 20,000 բնակչին մեկ բրիգադ սկզբունքը։

ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության համապատասխանեցում միջազգային ստանդարտներին (ստանդարտ - պատշաճ բաշխման գործընթաց (ՊԲԳ) (GDP - Good Distribution Practice) և «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածին: Պլանավորվում է համապատասխան աշխատանքային տարածք, նոր գործելակարգ և նոր գործիքակազմ:

Նախատեսվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական նյարդավիրաբուժության ծառայությունը համապատասխան արդի սարքավորումներով հագեցում և 22 բժշկական կենտրոնի վերակառուցում մարզերում և Երևանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել