Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային յոթ կետերից բխող աջակցության երեք փաթեթներ են հասցեագրվել ՀՀ կառավարությանը, որոնք միտված են կոնկրետ աջակցություն տրամադրել օրավարձով աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Միքայել Մելքումյանը։ Նա գրել է․

«Կարևորն այստեղ այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ ներկայացնում է մեր համաքաղաքացիների աշխատանքը փաստագրող գործիքներ (մեխանիզմներ): Այո, կատարված աշխատանքները կարելի է արձանագրել:
2. Աջակցություն պետք է ստանան նաև տաքսու վարորդները, որոնց գործունեությունն արձանագրվում է տաքսի ծառայությունների էլեկտրոնային համակարգում:
3. Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն պետք է տրամադրել առանց «սև ցուցակների», ըստ հարկային և վարկային պարտավորությունների կատարման հերթականության:
Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասցեագրված բնակչության և ՓՄՁ-երի աջակցության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաթեթների համառոտ տարբերակները.

ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված՝ օրավարձով աշխատանք կատարած անձանց:
2. Սույն հավելվածի մեջ օգտագործվող «գրավոր չձևակերպված» հասկացությունն օգտագործվում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման իմաստով:
3. Միջոցառման շահառու է հանդիսանում այն անձն ում աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպվել (այսուհետ՝ շահառու), ով 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, 1 ամիս անընդմեջ օրավարձով տարբեր ոլորտներում իրականացրել է որոշակի աշխատանքներ և հանդիսանում է օրավարձով աշխատավարձ ստացող ընտանիքի միակ աշխատողը:
4. Հայաստանի Հանրապետությունում անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել շահառուի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տարբեր միջոցներով, օրինակ՝ իր կողմից նախկինում տվյալ կամ այլ գործատուի հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի կամ իր կողմից նմանատիպ աշխատանքներ իրականացնելու ունակությունը և փորձը հավաստող այլ պատշաճ իրավական ձևակերպում ստացած փաստաթղթերի, իր կատարած աշխատանքներին վերաբերող՝ գործատուի հետ ունեցած հաղորդագրությունների, միմյանց ուղարկած լուսանկարների ներկայացմամբ և այլ միջոցներով որոնք կփաստագրեն տվյալ անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելը:
5. Շահառուի՝ տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել այդ մասին շահառուի ներկայացրած գրավոր հայտարարությունը գործատուի կողմից գրավոր հաստատվելու դեպքում:
6. Շահառուի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստի հաստատումը կարող է կատարվել նաև ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգով:
7. Շահառուներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով, 2 ամիս ժամկետով:
8. Շահառուին աջակցությունը տրամադրվում է՝ 70 000 դրամի չափով:

«ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ» ՀԱՅՏՆՎԱԾ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որոնց հարկային և վարկային պատմությունը բարվոք չէ, սակայն բավարարում են ներքոհիշյալ պայմաններին:
2. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն տնտեսվարողները, որոնք անցած 365 օրերի ընթացքում ունեցել են մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային ժամկետանց պարտավորություններ:
3. Աջակցությունը տրամադրվելու է՝ հիմք ընդունելով վարկային և հարկային պարտավորությունների կարգապահությունը՝ հետևյալ հերթականությամբ՝
1) Ռեզիդենտ տնտեսվարողներ, որոնք ունեն ժամկետանց պարտավորություններ՝
ա) մինչև 30 օր հարկային և մինչև 60 օր վարկային
բ) մինչև 60 օր հարկային և մինչև 120 օր վարկային
գ) մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային:

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց:
2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, ով 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ է իրականացրել միայն մեկ ավտոմոբիլով:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու փաստը հաստատվում է բջջային հավելվածների միջոցով միջնորդային տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքով:
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:
4. Աջակցությունը տրամադրվում է ֆիզիկական անձին՝ 70 000 դրամի չափով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: