armenpress.am: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հերթական դիմումն է ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական խումբը։

Փաստաբանն ընդգծել է, որ նախորդ դիմումներում բարձրացված հարցերն ուղղված են եղել հենց իրեն՝ պարոն Ասլանյանին, և ոչ թե դատավոր Աննա Դանիբեկյանին։

«Խնդրում եմ, ի վերջո, պատասխանել վերը նշված հարցերին, եթե, իհարկե, մտահոգոթյուն չունեք, որ Ձեր կողմից ներկայացվող պատասխանները կարող են օգտագործվել  Ձեր դեմ քրեական վարույթի շրջանակներում», - իր դիմումի մեջ նշել է Խուդոյանը։

Նախորդ երեք դիմումներում փաստաբանը խնդրել է հայտնել, թե ե՞րբ է ստացվել դատավորի՝ մինչև ապրիլի 16-ը անաշխատունակության վիճակում գտնվելու մասին տեղեկությունը, արդյո՞ք դատարանի աշխատակազմի ներկայացուցիչը փորձել է ճշտել՝ Դանիբեկյանը համաձա՞յն է, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին և արդյոք իրականությանը համապատասխանում է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ դատավոր Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է: