Քարսիթ կիրառելու սկզբունք կարող էր լինել երեխայի քաշն ու հասակը, ոչ թե տարիքը․ Սերգեյ Ղահրամանյան |hetq.am|
08:44 - 16 ապրիլի, 2019

Քարսիթ կիրառելու սկզբունք կարող էր լինել երեխայի քաշն ու հասակը, ոչ թե տարիքը․ Սերգեյ Ղահրամանյան |hetq.am|

hetq.am: Այս օրերին մի շարք ծնողներ սոցիալական ցանցերում մտահոգվում են, որ օրեր առաջընդունված՝ մինչև 12 տարեկան երեխաների երթևեկությունը քարսիթերով կազմակերպելու որոշումը թերի է։ Նրանց դիտարկմամբ՝ որոշումում կարգավորում չկա, թե մինչ 12 տարեկան երեխաները ինչպես պետք է երթևեկեն հանրային տրանսպորտով և տաքսի ծառայության մեքենաներով։

Կառավարությունը նախորդ նիստին որոշեց, որ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող սարքերի օգտագործմամբ, իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործմամբ։

Այդ որոշմամբ նույն տարիքային խմբի երեխաները թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում պետք է երթևեկեն միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող սարքերով։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ասաց, որ Հայաստանում թեև շատ չէ երեխաների մասնակցությամբ վթարների թիվը, սակայն այս որոշումով դրանց քանակը նվազեցնելու հնարավորություն կա։

Ղահրամանյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ծնողների՝ սոցիալական ցանցերում բարձրաձայնած մտահոգություններին և ընդունված որոշման թերի կողմերին։
Ասաց՝ օտարերկրյա շատ երկրների հանրային տրանսպորտը ևս երեխայի երթևեկության հատուկ կահավորում և քարսիթ չունի. «Այնտեղ ևս հստակեցված չէ, թե ոնց պետք է երթևեկեն մինչ 12 տարեկան ուղևորները։ Եթե ասենք, որ միայն մեզ մոտ է այս կարգավորման հետ անորոշություն, սխալ կլինի, բայց դրա փոխարեն կարող ենք նշել, որ շատ երկրներում ծնողները, եթե չունեն իրենց սեփական ավտոմեքենան, իրենք իրենց հետ ունեն շարժական քարսիթ»։

Սերգեյ Ղահրամանյանն այս կարգավորման լուծում է համարում տաքսի ծառայությունների ավտոմեքենաները հատուկ սարքավորումներով կահավորումը։
Սերգեյ Ղահրամանյանի դիտարկմամբ՝ երեխաներին հատուկ միջոցներով տեղափոխելու կարգը ամրագրված էր դեռևս կառավարության 2007 թվականի որոշմամբ։ Սակայն այս նոր լրամշակմամբ տարանջատվեց 1-7 և 7-12 տարեկան երեխաների տեղափոխման առանձնահատկությունները։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել