Քարսիթ․ կողմ և դեմ կարծիքներ
12:42 - 12 ապրիլի, 2019

Քարսիթ․ կողմ և դեմ կարծիքներ

Երեկ՝ ապրիլի 11-ին, սահմանվեցին մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, առանձին պահանջներ։ Ըստ այս փոփոխության՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործման միջոցով։

7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի պահող համակարգերի (քարսիթ) կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն պահող համակարգերի օգտագործման միջոցով (մանրամասներն՝  այստեղ)

Այս փոփոխությունն, ինչպես բազմիցս նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, միտված է մանկական տրավմաների և մահացության դեպքերի նվազեցմանը։ «Սա ոչ թե քմահաճույք է, այլ պետության պարտականություններից է՝ պաշտպանել իր քաղաքացիներին, այդ թվում ՝ մանկահասակ քաղաքացիներին, անկախ նրանից, թե նրանց ծնողները հասկանում են վտանգը, թե՝ ոչ։ Եթե թողնենք հայեցողությանը, կունենանք այն, ինչ ունենք հիմա։ Այցելեք Երևանի մի քանի հիվանդանոց և տեսեք, թե ճանապարհատրանսպորտային պատահարներից ինչքան տուժած երեխաներ կան»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր Թորոսյանը։

Փոփոխությունը, սակայն, միանշանակ չընդունվեց։ Սոցիալական կայքերում քննարկումներ սկսվեցին՝ դրական ու բացասական արձագանքներով։ Ընդհանուր առմամբ գնահատականները դրական էին, բայց որոշ վերապահումներով։
Փորձենք հասկանալ այս որոշման դրական ու բացասական կողմերը։

Վիճակագրություն

Ճանապարհատրանսպորտային պատահարներից երեխաների մահացության ու մանկական տրավմատիզմի հայկական վիճակագրություն, կարծես թե, չկա։ Սակայն կա համաշխարհային վիճակագրություն, որը ներկայացրել էր Առողջապահության նախարարը․ «Մենք անցած տարվանից սկսել ենք հավաքել մանկական տրավմատիզմի և մահացության դեպքերի վիճակագրությունը։ Բայց նույնիսկ, չունենալով ամբողջ հանրապետության թվերը, ունենք համաշխարհային վիճակագրության տվյալները, որ մինչև 4 տարեկան երեխային ճիշտ քարսիթի մեջ դնելն իջեցնում է տրավմատիզմի դեպքերը 50 տոկսով, եթե դա տրված է վարորդի կողքին, իսկ եթե հետևում է՝ 80 տոկոսով»,-ասել էր նա ՝ հավելելով, որ այս հարցում պետք է հետևողական լինել և բացի օրինագծի ընդունումից, պետք է հետևել, որ դրանք պահպանվեն և կիրառվեն։

Պարտադրանք

Շատ ծնողներ, չնայած այս որոշումը դրական են գնահատում, բայց դժգոհ են պարտադրանքի տարրից։

Արմանե Մխիթարյանը մինչև 12 տարեկան երկու երեխա ունի։ Կարծում է, որ փոփոխություններն այդ ուղղությամբ դրական են և պետք է հոգալ, որ տաքսիներում էլ լինեն երեխաներին տեղափոխելու անհրաժեշտ սարքերը, բայց պարտադրանքը, կարծում է, այս պահին նպատակահարմար չէ․ պետք է թույլ տան ծնողը իրեն հարմար ժամանակահատվածում գնի երեխային տեղափոխող քարսիթը։

Գին և որակ

Համացանցում քարսիթների արժեքն ուսումնասիրելիս պարզվեց, որ գները սկսվում են 7000 դրամից։ Միջին գինը 20-30000 հազար դրամ է, իսկ հայկական էջերում հանդիպած ամենաթանկ մոդելները մոտավորապես 110000 դրամի սահմաններում են։

Անի Անտոնյանի երեխան 1,9 տարեկան է։ Որոշմանը կողմ է․ « Օրինակ տեղ գնալիս երեխաս շատ անհանգիստ է՝ մեկ դռներն է բացում, մեկ՝ լուսամուտը։ Քարսիթի մեջ հանգիստ կնստի»,-ասում է Անին։ Բայց գինը, նրա խոսքով, վիճելի է․ «8000-60000 դրամ արժողությամբ քարսիթներ կան։ Էժանը չես առնի՝ միջինը պիտի առնես, որ գոնե որակ լինի։ Ստացվում է՝ 20000-ից ոչ պակաս։ Իսկ եթե մեկ երեխա չէ, այլ երեք անչափահաս, օրինակ, ահագին գումար է ստացվում»,-շեշտում է նա։

Պարզվում է՝ քարսիթների ընտրությանն էլ պետք է ուշադրություն դարձնել՝ ինչ որակի է, որքանով է համապատախանում երեխային։ Ընտրության հարցում կարևոր է երեխայի քաշը, հասակը և շատ դեպքերում առանց մասնագետների խորհրդատվության շատ դժվար է տեղափոխող համապատասխան սարք ընտրելը։ Ընդ որում, որակական յուրաքանչյուր լրացուցիչ ցուցանիշ ավելացնում է քարսիթի գինը։

Շահավետ բիզնեսի վտանգ

Մտավախություն կա, որ իրավական այս փոփոխությունը կարող է սպասարկել քարսիթ ներկրողների շահերը։ Այս խնդրին անդրադարձել էր նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով․ «Ջրի վաճառքն էլ է շատ շահավետ բիզնես, բայց շատ կարեւոր է մեր առողջության եւ ընդհանրապես կյանքի համար»:

Պարտադրանքի այս ֆոնին վտանգ կա, որ երեխաներին տեղափոխող սարքերի գինը կաճի՝ չնայած այդպիսի միտում դեռևս չի նկատվում։ Անի Անտոնյանը որոշ ժամանակահատված ուսումնասիրել է երկու ընկերությունների քարսիթների գները։ Դրանցից մեկը, ընդհակառակը, իջեցրել է տեղափոխող սարքերի գները՝ զեղչեր սահմանելով։

Մեքենայի տարողունակությունը

Միջինում մեքենայում երեք քարսիթ է տեղավորվում։ Այս առումով դժվարություններ են առաջանում երեք և ավելի երեխաներ ունեցող ուղևորների համար։ «Ի՞նչ անել, երբ ունես չորս և ավելի երեխա, այդքան քարսիթ մեքենայում չի տեղավորվի։ Կամ տաքսիներում ո՞նց պիտի լինի։ Տաքսիստը ստիպված պիտի գնի իր մեքենայի համար։ Երեք և ավելի երեխաների ծնողները ծանր վիճակում են հայտնվելու, ստիպված պիտի անընդհատ տուգանվեն»,-ասում է Արմանե Մխիթարյանը։

Տուգանքներ

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնների խախտումների տուգանքները կարգավորվում են «Վարչական իրավախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով: Այս խախտումների համար տույժ է նախատեսվում 124-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

Արմանեն դեմ է համատարած տուգանքներին․ «եթե սկսեն համատարած տուգանել, ոչ մի լավ բան դուրս չի գա։ Մարդիկ հնարավորություն չունեն գնելու տեղափոխող սարքերը՝ մեկը ես, ի վիճակի չեմ գնել հիմա»։ Արմանեն մի քանի տարի ապրել է Ռուսաստանում, հետո վերադարձել Հայաստան։ Նա հիշեց նաև այնտեղի փորձը․ «Մյուս կողմից՝ ՌԴ-ում հենց սկսեցին տուգանել՝ մարդիկ համատարած սկսեցին գնել տեղափոխող սարքերը»։

Քարսիթ՝ առանց պարտադրանքի

Նառա Վարդանյանն այն ծնողներից է, որ 2 տարի 11 ամիս առաջ (աղջկա ծնվելուց 2 օր առաջ) արդեն իսկ գնել ու կիրառում է երեխայի համար անհրաժեշտ տեղափոխող սարքը։ Թե ինչու է որոշել քարսիթ գնել, պատասխանում է․ «որովհետև իրավունք չունեմ վտանգելու ուղևորի կանքը, առավել ևս՝ երեխայի: Մենք երկուսով շատ ենք ճամփորդում՝ իր ծնված օրվանից, և քարսիթը առաջնահերթ անհրաժեշտություն էր»։

Նառա Վարդանյանի խոսքով, եթե մարդը մեքենա ունի, հնարավոր չէ՝ գումար չգտնվի քարսիթի համար․ «Այլ հարց է, թե այդ օրենքով ինչպես կկարգավորվի երթուղայիններում և տաքսիներում երեխաների անվտանգությունը, մեկից ավելի երեխա ունեցող ծնողների խնդիրը»,-ընդգծում է Նառան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել