Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին. ՀԲՃ
06:58 - 17 հոկտեմբերի, 2019

Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին. ՀԲՃ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք գետերից ջրառ կատարելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի ապահովի տարեկան 68,84 միլիոն խոր/մետր ջրապահանջը:

Այս առնչությամբ Հայկական բնապահպանական ժակատի տարածած հայտարարությունում ասվում է.

«Ընկերությունը ցանկանում է վերցնել Ողջի գետից՝ 1300 լ/վ, Սակքար գետից՝ 170 լ/վ, Փուխրուտ գետից՝ 50 լ/վ, Ձագեձոր գետից՝ 80 լ/վ, Գեղի գետից՝ 380 լ/վ եւ Գեղի գետի ջրամբարից՝ 370 լ/վ ջուր: Հայկական բնապահպանական ճակատը ծանոթացել է այդ հայտին եւ նախագծին, մասնակցել քննարկմանն ու նախարարություն է ներկայացրել որոշ դիտողություններ եւ առաջարկություններ։

Մինչ դրանք ներկայացնելը՝ ձեր ուշադրությունն ենք ուզում սեւեռել մեր արած լուսանկարին, որտեղ երեւում է, թե ինչ վիճակում է Ողջի գետը Քաջարան քաղաքի տարածքում՝ ԶՊՄԿ-ի ջրառից հետո ընկած հատվածում։ Ինչպես տեսնում եք գետը գրեթե ամբողջովին ջրազրկված է՝ ինչն այս ընկերության ունեցած նախկին ջրօգտագործման թույլտվության պայմանների կոպիտ խախտում է։ Ցավոք, տարվա ջրասակավ ժամանակաշրջանում, որը տեւում է 7-8 ամիս, այս պատկերին գրեթե միշտ է կարելի ականատես լինել Ողջի գետի այս հատվածում։

Դիտողություններ եւ առաջարկություններ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ

1․ Հիմնարար խնդիր է մնում ելակետային հավաստի եւ վստահություն ներշնչող ջրաբանական տվյալների առկայության հարցը։ Կարծում ենք, որ եղած տվյալները լիարժեք բավարար չեն ճիշտ հաշվարկներ անելու, հավաստի արդյունքներ ստանալու, բնապահպանական թողքերի չափը ճիշտ հաշվարկելու եւ որոշումներ կայացնելու համար։ Բերենք Ողջի գետի օրինակը․հարց է առաջանում, թե հայտի մեջ նշված ջրաբանական կետի տվյալներում հաշվի առնվա՞ծ են արդյոք դրանից վերեւ գետից կատարվող ջրառի քանակները։

Որքան հասկանում ենք այդ ջրաբանական կետից վերեւ կոմբինատը միշտ կատարել է մեծ քանակության ջրառ եւ բնականաբար գետի ջրի ծավալը այդ քանակով պակասում է։ Հավանաբար ջրառ են կատարում նաեւ այլ ջրօգտագործողներ։ Հետեւաբար, եթե այդ քանակները հաշվի առնված չեն, ապա բնապահպանական թողքի քանակն էլ դրա արդյունքում հաշվարկվում է սխալ եւ ստացվում է շատ ավելի փոքր։

Ջրաբանական տվյալների անորոշության նույն վիճակն է նաեւ մյուս գետերի դեպքում՝ հատկապես նրանց, որոնց վրա ընդհանրապես չկան ջրաբանական կետեր։ Քանի որ գետերից նախատեսվում է վերցնել շատ մեծ քանակությամբ ջուր (տարեկան մոտ 69 մլն խոր/մետր), որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի եւ որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա, ապա կարծում եք, որ այս դեպքում կարիք կա ունենալու նաեւ ջրօգտագործման հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։

2․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով մեթոդիկան եւ տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։

Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձեւը եւ աստիճանը, ջրի քանակական եւ որակական կազմը եւ այլ գործոններ:

Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային եւ ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատեւումը եւ վերարտադրությունը: Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանը ընդունվել է 2016թ-ին, որից հետո 2018թ-ին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել բնապահպանական թողքի որոշման մեթոդիկայում։

Դա նշանակում է, որ այդ ավազանում բնապահպանական թողքի մեծությունները նույնպես պետք է փոփոխության ենթարկվեն եւ հաշվարկեն նոր մեթոդիկայով։ Արդյո՞ք վերոնշյալ բոլոր պահանջները եւ պայմանները պահպանվել են գետերում բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս։

Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում դրանք էական բացասական ազդեցություն են ունենում, եւ ջրի քանակի կտրուկ նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք գետերի ջրի որակական կազմի անթույլատրելի վատացում, որը չի ապահովում ջրային օրգանիզմների գոյատեւումը եւ վերարտադրությունը։

Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր գործոնները, ինչպես նաեւ գետերի ջրի որակի մշտադիտարկում իրականացվի ջրառի կետերից ներքեւ ընկած հատվածներում՝ հասկանալու համար իրական բացասական ազդեցությունները։

3․ Հստակ պահանջ պետք է դրվի տնտեսվարողի վրա, որ ջուրն օգտագործելուց հետո բնությանը վերադարձվի այնպիսի որակի ջուր, ինչպիսին այն եղել է ջրառի կետերում։ Դրա համար նախ պետք է ունենալ ջրառի կետերում գետերի ջրի որակական կազմի եւ ֆիզիկա-քիմիական ցուցանիշների ամբողջական տվյալները, իսկ կեղտաջրերի թափման կետերում պետք է լինեն ջրի որակի մշտադիտարկման կետեր՝ ամենօրյա պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Այդ պայմանները չբավարարելու դեպքում՝ տնտեսվարողը պետք անցնի ջրի շրջանառու համակարգի կիրառմանը եւ բացառի կեղտաջրերի արտահոսքը բնական միջավայր։

4․ Ջրառի բոլոր կետերում պետք է լինեն բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգեր, որոնք թույլ կտան պետական լիազոր մարմիններին եւ շահագրգիռ քաղաքացիներին հետեւել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։

5․ Ողջի գետի ավազանում կան նաեւ այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյո՞ք հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա եւ արդյո՞ք չի խախտվի նրանց իրավունքները եւ ջրօգտագործման թոսւյլտվությունների մեջ նշված պայմանները։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր ջրօգտագործողների կուտակային ազդեցությունը Ողջի գետի ավազանի եւ նրա էկոհամակարգերի վրա։

6․ Հայտում ներկայացված է նաեւ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման եւ աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների ԶՊՄԿ-ի պլան-ժամանակացույցը, որը հաստատվել է դեռ 01․08․2018թ-ին։ Այնտեղ նշված բոլոր միջոցառումները՝ բացի մեկից, արդեն իսկ պետք է իրականացված լինեին։ Նախարարությունում տեղյա՞կ են դրանց իրականացման մասին, թե ոչ։

7․ Արդյո՞ք հաշվի առնվել են կլիմայական փոփոխությունների հետեւանքով ջրային հոսքերի նվազման միտումները գետերի բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ եւ դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել