Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար
 |armtimes.com|
19:38 - 07 ապրիլի, 2020

Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար |armtimes.com|

armtimes.com: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնի մեր քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը. այս մասին այսօր ասուլիսին նշեց Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքի գրանցման հետ կապված հնարավոր է ընտրությունների օրը հետաձգվի: Նա նշեց, որ ինչպես ընտրությունների առաջին փուլի ժամանակ են միջոցներ ձեռնարկվել վարակի հավանական տարածումը կանխելու համար, և դրանք արդյունավետ են եղել, այնպես էլ երկրորդ փուլի ժամանակ կարվի անհրաժեշտ ամեն բան:

Մարտիրոսյանը հերքեց լուրերը, որ Արցախում կան կորոնավիրուսով բազմաթիվ վարակվածներ, սակայն նրանց մասին չի հայտարարվում։ «Արցախում նման բան թաքցնել հնարավոր չէ. փոքր երկիր է և ամեն ինչ բաց է»,- ասաց նա:

Նաեւ պատմեց Արցախում կորոնավիրուսով առաջին դեպքի մասին. 1957թ. ծնված ՀՀ քաղաքացին Արցախ էր ժամանել մարտի 30-ին Արտաշատի շրջանից: Երբ տեղեկություններ են ստացվել, որ կա կասկած, որ այս քաղաքացու ընտանիքի անդամները, որ ապրում են Արտաշատի շրջանում, հնարավոր է վարակած լինեն, նա պահվել է հսկողության տակ. դա եղել է ապրիլի 2-ին: Հաշվի առնելով, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստավորումը ախտանիշների բացակայության դեպքում կատարվում է 13-րդ օրը, և քանի որ այդ անձը ևս ախտանիշներ չի ունեցել, ուղղակի պահվել է հսկողության տակ: Այս ընթացքում նրա ընտանիքի անդամների մոտ հաստատվել է վարակվածության դեպքը, ապրիլի 6-ին թեստավորել են նաև նրան: Այսօր ժամը 15-ին ստացվել է վարակվածությունը հաստատող պատասխանը:

Դրանից հետո այդ անձն արդեն իսկ մեկուսացված էր. հայտնի էր նրա հետ շփված անձանց շրջանակը, որ 12 հոգի էին. նրանց զգուշացվել է, որ ինքնամեկուսանան: Հաշվի առնելով, որ նա եղել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, հավանական ռիսկը նվազեցնելու համար, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել գյուղի բոլոր բնակիչների նկատմամբ: «Նշված երկու օրերի այդ քաղաքացու տեղաշարժի ու շփումների շրջանակը կպարզաբանվի ժամ առ ժամ, և նրա հետ շփված բոլոր անձինք կինքնամեկուսացվեն»,- ասաց Մարտիրոսյանը:

Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանը հավելեց, որ ձեռնարկվել են քաղաքացու բնակության վայրի ախտահանման բոլոր միջոցառումները: Նա ընդգծեց, որ չի թույլատրվելու, որ գյուղի բնակիչները միմյանց հետ շփվեն: «Այնտեղ ունենալու ենք քույրական պոստ, որ 24-ժամյա աշխատանք է տանելու բնակիչների հետ: Այն անձինք, որ համապատասխան ախտանիշներ կունենան, նրանք կմեկուսացվեն, իսկ եթե ոչ՝ նրանք կթեստավորվեն 13-րդ օրը»,-ասաց նա՝ հավելելով, որ վրակված քաղաքացին ուղեկցող հիվանդություններ չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել