Փոփոխվեց նշանակալի նվաճումներ ունեցողներին պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը |news.am|
11:16 - 03 հոկտեմբերի, 2019

Փոփոխվեց նշանակալի նվաճումներ ունեցողներին պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը |news.am|

news.am: Կառավարությունը իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել Գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները սահմանելու որոշման մեջ։

Որոշմամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվ գնահատել հարցազրույցի արդյունքները:

Պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը։

Նախագծով տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ դարձել է 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է եւ նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է:

Բացի այդ, հստակեցվել է միջին որակավորման գնահատականը եւ ներդրվել է դրա հաշվարկման բանաձեւ, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր:

Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ, նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձեւ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել