Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան
15:53 - 01 մայիսի, 2019

Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան

Օրերս ներկայացվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագիծորի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն են։ Նախագծի շուրջ համացանցում ակտիվ քննարկումներ սկսեցին՝ կողմ և դեմ կարծիքներով։
Ինչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչ խնդիրներ է լուծում, որ փուլում է այժմ․ այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանի հետ։

 

-Ի՞նչ է ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում նախագիծը:

-Կարելի է ասել՝ մենք հեծանիվ չենք հորինում։ Ուսանողներին տրվող նմանատիպ արտոնություններ  կան աշխարհի մի շարք երկրներում։ Մասնավորապես՝ հետխորհրդային երկրներից Ռուսաստանում և Բելառուսում նմանատիպ մոդել է ընտրված։ Իսկ եվրոպական երկրներում, Ամերիկայում ուսանողներին  այդ արտոնություններն այլ կերպ է տրվում։ Եթե նրանք, ենթադրենք, շաբաթական մինչև 20 ժամ աշխատեն, ապա ազատված են լինում հարկերից։ Մենք այս նախագծով հարկերից ազատումը փորձում ենք անուղղակի չանել, այլ ավելի թիրախային դարձնել՝ հարկը ուղղելով ուսանողի ուսման վարձին։ Այսինքն՝ աշխատելու դեպքում ուսանողը ոչ թե ազատվի եկամտահարկից, այլ եկամտահարկը ավելի թիրախային լինի։

-Ի՞նչ խնդիր է լուծում նախագիծը։ Ի՞նչ դրական փոփոխություններ կլինեն նախագծի իրականացման արդյունքում։

-Կա մտահոգություն, որ մեր կրթական որակը շատ դեպքերում չի համապատասխանում իրական շուկայական պահանջներին, որովհետև որոշակիորեն կտրված է իրականությունից։ Նպատակն այն է, որ տեսական և գործնական գիտելիքները մեկտեղվեն։ Սկզբնական փուլում  նախագիծը, միտումնավոր,  շրջանառության մեջ ենք դրել առանց որևէ սահմանափակման՝ բացառությամբ ՄՈԳ-ի (միջին որակական գնահատական), որպեսզի քննարկումների ավելի մեծ տեղ թողնենք, և տարբեր փորձագետներ, մասնագետներ կարողանան իրենց տեսակետները հայտնել։ Բայց մեզ համար գոնե առաջադիմությունը առանցքային նշանակություն ունի։

Ինչ վերաբերում է դրական փոփոխություններին, պետք չէ նախագծին միայն մի կողմից նայել։ Պարտադիր չէ ընկալել, որ մենք ուսանողին ասում ենք գնա և աշխատի։ Կարող ենք մի փոքր այլ տեսանկյունից նայել․ արդեն իսկ աշխատող մարդկանց ասում ենք՝ դուք հնարավորություն ունեք փաստացի անվճար լրացուցիչ կրթություն ստանալու։ Ասեմ, որ սա ռեալ է, քանի որ Հայաստանում գործող մի շարք ԲՈւՀ-եր, այդ թվում՝ բարձրակարգ, բավականին մեծ հեղինակություն ունեցող ԲՈւՀ-եր՝ Ֆրանսիական համալսարանը, Ամերիկյան համալսարանը, ունեն հատուկ ճկուն դասագրաֆիկներ։

Օրինակ, որոշ մասնագիտությունների դեպքում դասաժամերը սկսվում են 18։30-ից հետո։ Սա հենց հատուկ հարմարեցված է աշխատող ուսանողների համար, ովքեր աշխատանքից հետո կարող են գնալ և ուսումնառություն ստանալ տվյալ բուհերում։ ԵՊՀ-ում էլ, եթե չեմ սխալվում, որոշ մասնագիտությունների դեպքում, հատկապես մագիստրատուրայում, կա այսպիսի մոտեցում՝ կուրսը ինքն է որոշում, թե տվյալ կիսամյակում իրեն որ ժամերն են հարմար, և ԲՈւՀ-ը փորձում է հարմարեցնել դա դասախոսների հետ։ 

-Ընդդիմախոսները նշում են, որ նախագիծը ռիսկեր ունի։ Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ կնվազեն ԲՈՒՀ-երի եկամուտները, որ հիմնականում ձևավորվում են ուսման վարձերից։ Ի՞նչ կասեք այս առումով։

-Իմ տպավորությամբ, նախագծի մասին փոքր-ինչ թյուրըմբռնում կա։ Մենք չենք ասում, որ իրենք ազատվելու են ուսման վարձերից, այլ ընդհակառակը՝ եկամտահարկը ուղղվելու է հենց ԲՈՒՀ-երին՝ որպես ուսման վարձ։ Եթե գնանք այն կանխավարկածով, որ աշխատող շատ մարդիկ փաստացի կուզենան լրացուցիչ կրթություն ստանալ, ԲՈւՀ-երի եկամուտները, ընդհակառակը, էլ ավելի կմեծանան, որովհետև հոսքը, դիմորդների թիվը շատ ավելի մեծ կլինի։

Նաև դասախոսների մի մասն է նշում, որ սա կարող է խթանել հետագայում դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, հետևաբար նաև դասախոսների ավելի անկախացմանը՝ հաշվի առնելով, որ ուսանողներին երբեմն պարզապես գնահատական են նշանակում, որպեսզի նրանք դուրս չմնա համալսարանից, որովհետև դրանից համալսարանը կտուժի։ Առանց այն էլ ուսանողները սահմանված քանակությամբ տեղերից ավելի քիչ են դիմում։ Իսկ այս դեպքում, եթե դիմորդների թիվն ավելանա, ԲՈՒՀ-ը ինքը կփորձի ավելի անկախ լինել։ Եվ եթե չլինեն կոռուպցիոն երևույթներ, ավելի անկաշկանդ կլինի ուսանողին գնահատելու հարցում․ եթե չի բավարարում պահանջներին՝ ցածր գնահատել և, ինչու չէ, նաև հեռացնել համալսարանից։

-Կարծիք կա, որ նախագծի իրականացման հետ կապված կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։ Կա՞ն մեխանիզմներ դրանք բացառելու համար։

-Այո, կոռուպցիոն ռիսկերի մասին կրթության փորձագետներն են հատկապես բարձրաձայնում։ Դա կապված է դասախոսի կողմից ուսանողին արհեստականորեն բարձր գնահատելու կանխավարկածի հետ։ Այստեղ, իհարկե, կա կոռուպցիոն ռիսկ, բայց եթե առաջնորդվենք դրանով, ապա, իմ խորին համոզմամբ, որևէ լավ, դրական փոփոխության չենք կարող հանգել։ Այսօր էլ  ԲՈւՀ-երում փաստացի գործող զեղչային համակարգից օգտվում են այն բոլոր ուսանողները, որոնք հաղթահարում են այդ ՄՈԳ-ի շեմը։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք, որ կա կոռուպցիոն ռիսկ, ուրեմն պետք է փաստենք, որ այս պահի դրությամբ էլ զեղչային համակարգը, պետության կողմից տրվող արտոնությունները փաստացի անօգուտ են։ Բայց ես համամիտ չեմ այդ տեսակետի հետ։ Իհարկե, չեմ բացառում, որ գուցե լինեն դասախոսներ, որ այդպես կվարվեն, բայց, կարծում եմ, երբ ԲՈւՀ-երի ուսանողների քանակը ավելանա և, ընդհանրապես,  կրթական քաղաքականությունը ձևափոխվի, դասախոսների գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, նման խնդիր չեն ունենա։ 

-Արդյոք նախագիծը չի՞ ազդի կրթության որակի վրա։

-Կոռուպցիոն ռիսկերը և կրթության որակի խնդիրը հիմնական մտահոգություններն են փորձագետների կողմից։ Ասեմ, որ մոտ 90 տոկոսը բավական ողջունում է նախաձեռնությունը։10 տոկոսի էլ մի մասն է միայն, որ միանշանակ կարծում է, որ այն որակի վրա կազդի։ Ինձ համար կատկապես հետաքրքիր է, որ այդ դժգոհությունը լսում եմ ոչ թե կրթության փորձագետներից, այլ, օրինակ, IT ոլորտի ներկայացուցիչներից։ Փորձագետներն ասում են են, որ միգուցե կրթության որակը տուժի, բայց երբ ընդհանուր ներկայացնում ես, թե ինչ ես նախատեսում, հասկանում են, որ, այո, ռիսկերը քիչ են։

Տեսեք որն է խնդիրը, երբ ասում ենք աշխատանք, մի փոքր թյուրըմբռնում կա հասարակության շրջանում։ Այդ աշխատանքն ընկալում են՝ կոնկրետ ֆիքսված գրաֆիկով, գրասենյակ աշխատանք, բայց մենք նախագծում էլ նշել ենք, որ խոսքը ոչ միայն հիմնական կես դրուքով աշխատողներին է վերաբերում, այլ ընդհանրապես՝ ծառայություններ մատուցելու արդյունքում եկամտահարկ մուծող քաղաքացիներին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցման ինստիտուտը բավականին կայացած է։ 

Ենթադրենք լրագրող ուսանողները պարտադիր չէ, որ որևէ խմբագրությունում աշխատեն առավոտից մինչև երեկոյան վեցը։ Նրանք կարող են ծառայությունների պայմանագիրը կնքել՝ պարտավորվելով, որ, օրինակ, շաբաթական երկու ռեպորտաժ կպատրաստեն խմբագրության համար։ Դա համալսարանում ստացած տեսական գիտելիքները փաստացի գործնական կիրառելու հնարավորություն կտա։ Այո, միգուցե այդ երկու ռեպորտաժի դեպքում ուսանողի աշխատավարձը նվազագույնը լինի կամ նվազագույնից մի փոքր բարձր, բայց այս դեպքում այդ գումարը, միևնույնն է, իրեն կմնա։ Ամսական գոյացած նվազագույն աշխատավարձից 20-25 հազար դրամ եկամտահարկը տարեկան կտրվածքով կազմում է 300 հազար դրամ։ Պետությունը պետք է դա փոխհատուցի ուսանողին, եթե նա այդ ընթացքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն։ Նույնը վերաբերում է նաև մյուս մասնագիտություններին։

 -Հստակեցնենք՝ խոսքը մասնագիտակա՞ն աշխատանքին է վերաբերում, թե՞ աշխատանքին՝ ընդհանրապես։

-Այս պահի դրությամբ մենք սահմանափակում, որպես այդպիսին, արել ենք միայն առաջադիմության համար։ Կա տեսակետ, որ սահմանենք միայն մասնագիտական աշխատանք։ Կա տեսակետ, որ շատ լավ գաղափար է, բայց եկեք փորձնական տարբերակով սկզբնական փուլում կիրառենք մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսի դեպքում միայն։ Միգուցե մասնագետները այդ դեպքում էլ ասեին՝ մասնագիտականը էական չէ, ուսանողը կարող է աշխատել և լավ սովորել։ Դրա համար ազատ ենք թողել այս ամենը՝ մեծ քննարկումների տեղիք տալու համար։ 

-Սահմանվելու՞ են արդյոք հստակ աշխատաժամեր՝ հաշվի առնելով դասերի խիտ գրաֆիկը։

Ինչպես արդեն ասացի, աշխարհի շատ երկրներում սահմանված է մինչև 20 ժամը։ Փորձագետների կողմից նաև այդպիսի առաջարկ կա՝ առավելագույն աշխատաժամանակ սահմանել։ Գուցե անհրաժեշտություն կա, բայց, միևնույնն է, լրիվ դրույքով հիմնական աշխատողը չի էլ կարող սովորել։ Եթե նա առավոտյան 9։00-18։00-ն աշխատելու է, տրամաբանական հարց կառաջանա, թե ինչպես է կարողանում հաճախել համալսարան։
Հնարավոր է և այդպես լինի, բայց մենք նաև շատ աշխատանքներ ունենք, որ հերթափոխով են՝ մարդը մեկ օր աշխատում է 24-ժամյա գրաֆիկով, ապա 3 օր ազատ է լինում։ Կան աշխատանքներ, որ սկսվում են երեկոյան ժամը յոթից մինչև տասնմեկը։ Դրանք հիմնականում ծառայության մատուցման, սպասրկման ոլորտում են։

Եվ վերջում, նախագծի հետ կապված հանրային քննարկումներ նախատեսվու՞մ են։

Մենք անհատապես էլ հեռակա կարգով՝ սոցցանցերով, շփվում ենք մասնագետների հետ, կրկին ուսումնասիրում տարբեր երկրների փորձը։
Մայիսի 15-ին կարծես թե նախնական համաձայնություն ունենք, հիմա փորձում ենք Ազգային ժողովի հետ տեխնիկապես համաձայնեցնել, որ նաև մեծ հանրային քննարկում կազմակերպենք՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչպես ենք մշակում լավ նախագիծ, որն իսկապես խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել։
Եվ, ի դեպ, քիչ առաջ նկատեցի, որ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել և աշխատանքի է հրավիրում ոչ միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, այլ նաև ավարտական վերջին կուրսի ուսանողներին։ Սա հենց փաստում է, որ անգամ պետական մարմինը ընդունում է, որ ավարտական կուրսի ուսանողն այսօր ի զորու է մատուցել այն ծառայությունը, որն իրենց անհրաժեշտ է, և իրենք խրախուսում են նաև ուսանողներին։ 

Այստեղ շատ կարևոր է նաև պետության, կառավարության տեսակետը, որովհետև հասկանում ենք, որ գործ ունենք պետական բյուջեի տեղաշարժերի հետ։ Երբ փորձագետների հետ վերջնական նախագիծ կունենանք, կառավարության հետ նիստի ընթացքում  կներկայացնենք նախնական տարբերակում մեր պատկերացրած փոփոխությունները և կառավարության տեսակետը մեզ համար հասկանալի կլինի՝ արդյոք սա հնարավոր է իրականացնել, թե ոչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել