Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում, իսկ 4 քաղաքացի այսօր առողջացած դուրս է գրվել, մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Քիչ առաջ իր ուղերձում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ վարակման դեպքեր ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։ Տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել․ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի հայրենակիցները։

Փաշինյանն ասաց, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, պայքարում էին Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար, բայց մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր են արձանագրվել Երեւանի եւ Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառեն։

Ըստ այդմ՝ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը․

«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- ասաց վարչապետը։

Աշխատելու են միայն խանութները, դեղատները, բանկերը։

Փաշինյանը ներողություն խնդրեց բոլորից՝ այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար՝ հույս հայտնելով, որ բոլորի համար ակնհայտ է, որ սա արվում է հենց քաղաքացիներիս եւ մեր ծնողների, տատիկ-պապիկների անվտանգությունն ապահովելու համար։ Ի դեպ՝ բոլոր թոշակառուները, որոնք թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կստանան իրենց բնակարաններում՝ շրջիկ փոստատարների կողմից։

Վարչապետը կոչ արեց մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին։ Տնից դուրս գալ միայն կենսակա՛ն անհրաժեշտության դեպքում։ 2 հոգուց ավելի խմբերով չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում։ Խստագույնս հետեւել պարետատան բոլոր հրահանգներին։ Տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի կաննոները, հետեւել առողջապահության նախարարության հրահանգներին։

Փաշինյանի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-2009 թթ․ տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Հայաստանի պարագայում, վարչապետի պնդմամբ, կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019-ին․

«Բայց այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ ՀՀ-ի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար։ Աշխարհում ՀՆԱ-ի  3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու։ Այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, եւ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի, եւ այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա հինգ տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը խնդիր է դրել՝ զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը․

«Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների դեֆիցիտ չունեցավ եւ չունի»։