Կորոնավիրուսի կանխարգելման տարածված, բայց կասկածելի արդյունավետությամբ միջոցները |bbc.com|
19:33 - 13 մարտի, 2020

Կորոնավիրուսի կանխարգելման տարածված, բայց կասկածելի արդյունավետությամբ միջոցները |bbc.com|

bbc.com: Կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ տարածվում են վիրուսից պաշտպանվելու տարբեր խորհուրդներ։ Միշտ չէ, որ որակավորված մասնագետներն են տալիս այդ խորհուրդները, և դրանց օգուտը հաճախ զրոյական է լինում։

Ստորև ներկայացնում ենք, թե որքանով են արդյունավետ վիրուսի կանխարգելման նպատակով առաջարկվող տարբեր մեթոդները։

1․ Սխտոր

Սոցցանցերի շատ օգտատերեր խորհուրդ են տալիս սխտոր ուտել՝ վարակը կանխելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատում է, որ սխտորն առողջ սնունդ է, որն ունի որոշ հակամանրէային հատկություններ, բայց չկա որևէ ապացույց, որ այն պաշտպանում է նոր կորոնավիրուսից։

Սխտորն ինքն իրենով վտանգավոր չէ, եթե մարդիկ, որոնք այն օգտագործում են բուժման նպատակով, հետևում են նաև բժշկի ցուցումներին։

Բայց եթե ինչ-որ մեկը սկսի նախընտրել այս և այլ «ժողովրդական» մեթոդներն ու անտեսի որակավորված մասնագետների խորհուրդները՝ այն կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Բանջարեղենն ու մրգերն օգտակար են առողջության համար, սակայն անօգուտ են այս նոր վիրուսի կանխարգելման համար։

Մեծ քանակությամբ սխտոր ուտելն ինքնին կարող է խնդիրներ առաջացնել։ Օրինակ՝ The South China Morning Post-ը հայտնել էր, որ մի կին կոկորդի ցավով հայտնվել էր հիվանդանոցում՝ կես կիլոգրամ սխտոր ուտելուց հետո։

 

2․ «Կախարդական հավելումներ»

Յութուբյան հայտնի բլոգեր Յորդան Սաթերն իր թվիթում  գրել էր, որ հանքային հրաշք հավելումը (MMS - "miracle mineral supplement")  փրկում է կորոնավիրուսից։

Նշված հավելումը պարունակում է քլորի երկօքսիդ։ Սաթերը և կարծիքի այլ առաջատարներ քարոզում էին «հրաշք միջոցի» օգտագործումը դեռևս կորոնավիրուսի բռնկումից առաջ։ Դեռ հունվարին Սաթերն իր թվիթում գրել էր, որ քլորի երկօքսիդն արդյունավետ միջոց է քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար, բայց այն կօգնի խուսափել նաև նոր կորոնավիրուսային վարակից։

Դեռ անցյալ տարի ԱՄՆ Պարենի և դեղերի վերահսկողության ծառայությունը զգուշացրել էր, որ քլորի երկօքսիդի անվտանգությունն ու արդյունավետությունը չեն ապացուցվել ուսումնասիրություններ միջոցով, և դրա օգտագործումը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, լուծ և ջրազրկման ախտանիշներ։

ԱՄՆ-ի նշված ծառայությանը միացել էին նաև այլ երկրների համապատասխան ծառայությունները։

3․ Տնային պայմաններում պատրաստված ձեռքի գել

Ամբողջ աշխարհում մարդիկ ձեռք են բերում ձեռքերի ախտահանման միջոցներ։ Այս օրերին շատ խանութներում սպառվել է ձեռքերի ախտահանող միջոցների պաշարները, և համացանցում մեծ հայտնիություն են վայելում տան պայմաններում ձեռքի գել պատրաստելու ցուցումները։

Սակայն տնային պայմաններում պատրաստվող գելերից որոշները նախատեսված չեն մարդու մաշկի համար։ Խանութում վաճառվող ձեռքի գելերը սովորաբար պարունակում են ոչ միայն սպիրտ (60-70%), այլ նաև փափկեցնող միջոցներ, որոնք չեն կարող յուրաքանչյուրիս ձեռքի տակ լինել։

Երբեմն բաղադրատոմսերում խորհուրդ է տրվում օգտագործել ալկոհոլային խմիչքներ, սակայն ամենաուժեղ ալկոհոլային խմիչքի դեպքում էլ սպիրտի պարունակությունը 60 %-ից բարձր չէ։

BBC-ի ռուսական ծառայության գիտության գծով թղթակից Նիկոլայ Վարոնինը խորհուրդ է տալիս ձեռքերի ախտահանիչ միջոցները տան պայմաններում պատրաստել միայն 60 և ավելի բարձր տոկոսանոց սպիրտով։

4․ Հեղուկ արծաթ

Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմ Բեյքերի շոուի հյուրերից մեկը խորհուրդ է տվել կոլոիդ արծաթ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։

Կոլոիդ արծաթը հեղուկ է, որում լուծված են արծաթի փոքր մասնիկներ։ Ըստ հեռուստաշոուի հյուրի՝ այն 12 ժամվա ընթացքում սպանում է կորոնավիրուսի որոշ տեսակներ։

Հեղուկ արծաթի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետության մասին լուրերը տարածվում են սոցիալական ցանցերում և հատկապես այն համայնքներում, որոնք թերահավատորեն են վերաբերվում «ավանդական» բժշկությանը։

Այս միջոցի օգտագործումը խրախուսողները գտնում են, որ այն կարող է բուժել տարբեր հիվանդություններ և հանդիսանալ հակաբակտերիալ միջոց։ Սակայն ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են, որ հեղուկ արծաթի օգտակարությունը դեռ ապացուցված չէ։ Դրա օգտագործումը կարող է առաջացնել լրացուցիչ բարդություններ՝ երիկամների ֆունկցիայի վատթարացում, ցավեր և մաշկի գույնի անդառնալի փոփոխություն։

Բժիշկները նշում են, որ, ի տարբերութուն երկաթի և ցինկի, արծաթը մարդու մարմնում որևէ գործառույթ չի կատարում։

Ֆեյսբուքն այժմ հետևում է հեղուկ արծաթի օգտակարության մասին գրառումներին և մերժում դրանց հրապարակումը՝ նշելով, որ գրառման մեջ առկա է ոչ ճիշտ տեղեկատվություն։

5․ 15 րոպե պարբերությամբ ջուր խմել

Ֆեյսբուքում հայտնվել է հրապարակում, որտեղ, հղում անելով մի «ճապոնացի բժշկի», խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ ջուր խմել՝ բերանի խոռոչը վիրուսից մաքրելու համար։

Բժիշկներն այս խորհրդին թերահավատորեն են մոտենում․ վիրուսը փոխանցվում է շնչառական ուղիներով։ Անգամ, երբ այն հայտնվում է բերանի խոռոչում, ջուր խմելն այդ դեպքում չի օգնում։ Չնայած, ընդհանուր առմամբ, ջուր խմելն օգտակար է։

6․ Խմել տաք ջուր, ընդունել տաք լոգանք և հրաժարվել պաղպաղակից

Քիչ տարածում չունեցավ նաև UNICEF-ին վերագրվող այն հաղորդագրությունը, որ տաք ջուրը օգնում է խուսափել կորոնավիրուսից․ պետք է հնարավորինս շատ խմել տաք ջուր, ինչպես նաև հաճախ լինել արևի տակ և այդ դեպքում հավանաբար կորոնավիրուսը ձեզ չի հասնի։

UNICEF-ի աշխատակից Շարլոտա Գորնիցկան այս մասով ասել է․

«Վերջերս համացանցում տարածվել են կեղծ հաղորդագրություններ UNICEF-ի անունից այն մասին, որ պետք է հրաժարվել պաղպաղակից և սառը սննդից, ինչը կօգնի խուսափել կորոնավիրուսից։ Այդ ամենն իհարկե լիովին սուտ է։ Մենք գիտենք, որ ամռանը գրիպի վիրուս մարդու օրգանիզմում գույություն չի ունենում, սակայն չգիտենք, թե բարձր ջերմաստիճանն ինչպես է ազդում նոր կորոնավիրուսի վրա»։

«Սեփական մարմնի տաքացումը կամ արևայրուքը չեն օգնի ձեզ փրկվել կորոնավիրուսից»,- գտնում է Լոնդոնի հիգիենայի և  արևադարձային բժշկության պրոֆեսոր Սալլի Բլյումֆիլդը։ Նա ասում է, որ եթե վիրուսը մտնում է օրգանիզմ, ապա միայն օրգանիզմը կարող է հաղթահարել այն։

Բացի այդ՝  դրսում ջերմաստիճանի բարձրացումը չի բարձրացնում մարդու մարմնի ջերմաստիճանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել