Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ պարետի որոշումներին, նշեց, որ այս պահին գործում է պարետի համար 6 որոշումը, որով բժշկական նշանակության սարքավորումների և դեղամիջոցների արտահանումը սահմանափակված է։

«Գործում էր մեկ այլ որոշում՝ համաձայն որի՝ Իրանից ապրանքների փոխադրումն իրականացվում էր՝ համաձայն գործող ցանկի։ Այս պահի դրությամբ գործում է միայն բժշկական սարքավորումների և դեղամիջոցների արտահանման սահմանափակումը։ Ապրանքների փոխադրումը սահմանով իրականացվում է՝ համաձայն գործող կարգի։ Իրականացվում է ապրանքների փոխաբեռնում Մեղրի անցումային կետում կամ Ագարակ մաքսային տերմինալում։ Եթե անհնար է իրականացնել կոնկրետ ապրանքատեսակի փոխաբեռնումը, գործում է երրորդ միջոցը․ դա ապրանքի տեղափոխումն է ուղեկցմամբ։ Ուղեկցումն իրականացվում է միայն ՊԵԿ-ի թույլտվության դեպքում»,- ասաց Սիմոյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ մենք չունենք որևէ տեսակի սահմանափակում Իրանի հետ՝ բացառությամբ գործող կարգավորման, որը սահմանում է, թե ինչ պայմաններում կարելի է իրականացնել ոչ բժշկական ապրանքատեսակների թե՛ ներմուծում, թե՛ արտահանում ։

«Այդ ամբողջ գործընթացը նաև կախված է սահմանային անցակետի բացթողումային հնարավորություններից և այդ պահին տիրող իրավիճակից։ Թե՛ փոխաբեռնումը, թե՛ ուղեկցմամբ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության, ոստիկանության, ինչպես նաև ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի աշխատակիցների հսկողության ներքո»,- ասաց նա։ 

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ ողջ տարածքում գործող տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկը պարբերաբար վերանայվում է, և կախված իրավիճակից՝ գործունեության տեսակներն ավելացվում կամ հանվում են։

«Դա պայմանավորված է հիվանդության տարածման շղթայի հնարավորինս սահմանափակմամբ և մարդկանց տեղաշարժի գործող կանոններով։ Հնարավոր է լինեն որշակի բացառություններ, որովհետև պարետի որոշմամբ սահմանված են, թե ինչ դեպքերում է հնարավոր գրավոր թույլատրություն կոնկրետ գործունեության տեսակը թույլատրելու վերաբերյալ»,- նշեց նա։