Տիգրան Հակոբյանը օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում հեռուստառադիոյի ոլորտում |armenpress.am|
12:49 - 29 հունվարի, 2020

Տիգրան Հակոբյանը օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում հեռուստառադիոյի ոլորտում |armenpress.am|

armenpress.am։ Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում կարգավորումների անհրաժեշտություն կա: Օրենսդրական փոփոխությունները առաջնային են: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենսդրական մի շարք բացեր կան, որոնք հանգեցնում են մանիպուլյացիայի:

«Շատ է խոսվում ատելության խոսքի տարածման մասին: Ինչպես մենք դա կարգավորենք, եթե ատելության խոսքի հասկացության իրավական ձևակերպումը չունենք: Քանի որ չկա կարգավորումը, հետևաբար դա մանիպուլյացիայի հնարավորություն է տալիս: Վիրավորանք, զրպարտություն պարունակող խոսքը դիտարկվում է որպես ատելության խոսք»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Նրա խոսքով, ամբողջ աշխարհում տեղեկատվական հոսքերը ինչ-որ ձևով կարգավորում են, որպեսզի նվազեցվեն չարությունը, մանիպուլյացիաները: Օրենքով հստակ սահմանվում է անաչառությունը, նյութի, հաղորդման բովանդակությունում հավասարակշռության պահպանումը և այլն:

«Հիմա ֆանտաստիկ ինֆորմացիոն հեղեղներ են, հետևաբար անհրաժեշտություն կա հստակեցնել, թե ինչն է խանգարում մարդուն ստանալ անաչառ ինֆորմացիա: Ազգային ժողովի պատգամավորները ևս բարձրացնում են եթերում ատելության խոսքի հարցը: Առիթից օգտվելով՝ դիմում եմ պատկան մարմիններին, որ օրենսդրական փոփոխություններով հանդես գան: Այնպիսի իրավիճակ է, որ եթե նախկինում ամաչում էինք կոնկրետ բառեր արտաբերել, ապա հիմա եթերում դրանք լեգիտիմացվել են: Եվրոպայում վաղուց այս ուղղությամբ կարգավորումներ կան, իսկ Հայաստանը դրանից ուշացել է»,-ասաց նա:

Լրատվամիջոցների այն դիտարկմանը, ինչ անել, երբ հաղորդումներում, ռեպորտաժներում երկրորդ կողմին ապահովելու խնդիր կա, որովհետև շատերը հրաժարվում են մասնակցել, Տիգրան Հակոբյանը նշեց, որ դրանց լուծումները ևս կան:

«Հավատացնում եմ՝ լրատվամիջոցների ղեկավարները շատ լավ գիտեն ինչպես դա կարգավորել: Մի քանի անգամ հրավիրելու դեպքում, եթե չեն գալիս, արձագանք չկա, ապա կարող են գրավոր նամակով դիմել մեր հանձնաժողովին, մենք հանդես կգանք կոչով, հորդորով, աշխատանք կտանենք այդ ուղղությամբ»,-ասաց Տիգրան Հակոբյանն՝ ավելացնելով, որ որևէ գրավոր բողոք այդ հարցի հետ կապված չեն ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել