Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը
17:59 - 30 մարտի, 2020

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 30-ին նախարարությունում հանդիպում է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից տրամադրվող աջակցման գործիքների կիրառելիության և հասցեականության հետ կապված հարցերը:

Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է որքան հնարավոր է փոքրաթիվ ուժերով համակարգված աշխատանք իրականացնել:

Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության կողմից մշակված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների թվում առաջին միջոցառումը արտոնյալ եղանակով վարկային համաֆինանսավորումն է, և խնդրել է տնտեսվարողներին ներկայացնել, թե վերջիններիս խնդիրների որ մասն է այն լուծում, կա՞ն արդյոք բացեր և ի՞նչ առաջարկներ ու նկատառումներ ունեն:

Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ընկերությունների ներկայացուցիչներից ստանալ կոնկրետ տեղեկություններ` վերջիններիս գործունեության այս փուլի ամենամեծ խնդիրների վերաբերյալ և քննարկել, թե ինչպես պետք է իրականացնել  տեղեկությունների պարբերական փոխանակումը, որպեսզի դրանք հաշվի առնվեն հետագա անելիքները հստակ ձևակերպելու համար:

Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են իրենց հիմնական խնդիրների մասին, ներկայացրել առաջարկներ: Քննարկվել է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը արտադրությունների աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար, հստակ ընթացակարգերի մշակումը` հաշվի առնելով վարակման ռիսկի գործոնները և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները:

Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել