Տիգրան Ավինյանն ընդունել է «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերին առնչվող հարցեր
13:52 - 02 մայիսի, 2019

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերին առնչվող հարցեր

Մայիսի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող 70-ից ավելի գիտահետազոտական կենտրոններ միավորող «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը՝ Բիզնեսի զարգացման և եվրոպական հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տնտեսության տարբեր ճյուղերում նորարարական մոտեցումների և ժամանակակից գիտության ընձեռած հնարավորությունների առավելագույնս օգտագործմամբ մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծմանը: Այս համատեքստում ՀՀ փոխվարչապետը կարևորել է միջազգային հեղինակավոր գիտա-կրթական հաստատությունների հետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յենս Գյունթեր Նոյգեբաուերը նշել է, որ իրենք մեծ ներուժ են տեսնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացման համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանությունը, վերամշակվող էներգետիկան, արտադրական տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներմուծումը և այլն:

Ավելացվել է, որ «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը նոր հնարավորություններ է փնտրում միջազգային համագործակցության համար՝ կարևորելով այս տեսանկյունից նաև Հայաստանի դերակատարությունը:

Ինստիտուտի ներկայացուցիչները ՀՀ փոխվարչապետին են ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում կրթական հաստատություններում տնտեսության համար առավել կարևոր գիտական նվաճումների ուսուցման կենտրոնների ստեղծման խնդիրների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել