Տեղի է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը
10:53 - 03 մայիսի, 2019

Տեղի է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Անդրանիկ նիստը նախագահել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին:

Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի:

 

1. ՀՀ Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի՝ հաշվի առնելով Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Միաժամանակ Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը երբեմն միտումնավոր ներկայացվում է որպես խտրականության դրսևորում, ինչը միանշանակ կողմնակալ գնահատական է և չի ներդաշնակում միջազգային փորձի և ընդունված չափանիշների հետ:

Տարբեր երկրների, այդ թվում նաև եվրոպական մի շարք պետությունների կրոնական օրենսդրությունների ուսումնասիրությունը և փորձը փաստում են, որ տվյալ երկրի ու ժողովրդի պատմության մեջ մեծ դեր ունեցած կրոնական հաստատության առանձնահատուկ կարգավիճակը որևէ ձևով չի ենթադրում խտրականություն կրոնական կազմակերպությունների նկատմամբ:

2. Կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է Հայոց Եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով:

Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը: Մինչդեռ «աշխարհիկ պետություն» հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր և չի բացառում պետության և Եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում, առավել ևս՝ քրիստոնեական հարուստ ժառանգություն և հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստանում:

3. Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաև Հայոց ցեղասպանության, ինչպես և խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական և մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը և ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը:

Այս ամենը, ինչպես և այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները: Այս համատեքստում կարևոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս և ի սփյուռս:

Աշխատանքային այս խմբի գործունեության հետ կապված են դրական սպասումներ թե՛ հոգևորականության, թե՛ հավատավոր մեր ժողովրդի շրջանակներում: Վստահ ենք, որ Եկեղեցի-պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձևավորմանը, ընտանիքների ամրությանը, Եկեղեցու պայծառությանը և պետության հզորությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել