Տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը |tert.am|
12:05 - 13 սեպտեմբերի, 2019

Տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը |tert.am|

tert.am: ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը, տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում իրականացվող փոխադարձ առևտրի կազմակերպման գործընթացում անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ի գանձման սկզբունք­ները, ընթացակարգերը և այլն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գնահատվում են ավելի ճկուն, ավելի մատչելի ընթացակարգեր ներդնելու հնարավորությունները, որոնք մեր գործարար շրջանակներին հնարավորություն կտան հարկային հաշվառումն իրականացնել պարզ կանոններով՝ տնտեսելով և՛ ժամանակ, և՛ ռեսուրս:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդամ պետությունների հարկային մարմինների միջև փոխադարձ օգնության, փոխհամագործակցության գործիքների զարգացման հնարավորություններին, որոնք առավելապես ուղղված են հարկային մարմինների միջև համագործակցության նոր մակարդակի ապահովմանը:

«Մենք՝ որպես հյուրընկալող երկիր, ձևավորել ենք մեր օրակարգային հարցերը՝ նպատակ ունենալով մեր տնտեսավարող սուբյեկտների, նաև քաղաքացիների համար ձևավորել ավելի նպաստավոր միջավայր, պարզեցնել հարկային հաշվառման կանոնները և առհասարակ կրճատել այդ գործընթացի վրա ծախսվող ժամանակը», -ասել է Պողոսյանը:

Նիստը նախագահող ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովի խոսքով` հանդիպումն ընդգրկում է հարկային հարցերին վերաբերող լայն շրջանակ: «Նման հանդիպումները թույլ են տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ԵԱՏՄ անդամ երկրների հարկային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, խթանել փորձի փոխանակումն ու բիզնես ոլորտի զարգացումը»,- նշել է Ժակսիլիկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել