Տարածքներ, ճանաչում և բանակցություններ․ ինչ փաստեր է խեղաթյուրել Իլհամ Ալիևը Մյունխենում |fip.am|
10:24 - 19 փետրվարի, 2020

Տարածքներ, ճանաչում և բանակցություններ․ ինչ փաստեր է խեղաթյուրել Իլհամ Ալիևը Մյունխենում |fip.am|

fip.am: Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իբր, օկուպացիայի տակ է:

Ալիևը, մասնավորապես, նշել էր. «1990-ականների սկզբին Հայաստանը ագրեսիա սկսեց արդեն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որի հետևանքով մեր տարածքի 20 տոկոսն այսօր օկուպացիայի ներքո է, մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ»:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Իլհամ Ալիևի այս և մի շարք այլ հայտարարություններ՝ պարզելու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը։

Հայկական ուժերը չեն «օկուպացրել» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը

Ադրբեջանի պաշտոնյաները հաճախ են առաջ մղում այն թեզը, թե Հայաստանն իբր օկուպացրել է իրենց պետության տարածքի 20 տոկոսը: 

Խորհրդային Ադրբեջանի տարածքը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը) կազմել է 86,600 քառակուսի կիլոմետր: Արցախի Հանրապետության ընդհանուր մակերեսը 11,500 քառակուսի կիլոմետր է:

Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հայկական վերահսկողության տակ է Խորհրդային Ադրբեջանի տարածքի ոչ թե 20, այլ ընդամենը 13․3 տոկոսը:

Ավելին՝ հայկական ուժերի կողմից փաստացի վերահսկողվող տարածքների մասին գրել է նաև բրիտանացի լրագրող, գրող Թոմաս դե Վաալը իր «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքում: Նա 285-296 էջերում, մասնավորապես, գրել է, որ առաջինը 20 տոկոսի գաղափարը առաջ է քաշել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը։ Եվ ադրբեջանցիները, չցանկանալով հակասել իրենց նախագահին, շարունակել են կրկնել, որ հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Մանրակրկտորեն հաշվելով նախկին ԼՂԻՄ տարածքը, ինչպես նաև ներկայումս Արցախի Հանրապետության մաս կազմող բոլոր շրջանները և ընդունելով, որ իր հաշվարկները կարող են աննշան շեղում ունենալ՝ Թոմաս դե Վաալը գրել է. «Հայկական վերահսկողության տակ է գտնվում 11,797 կմ/քառ տարածք, որը նախկինում եղել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ընդհանուր տարածքը կազմում է 86,600 կմ/քառ: Այսպիսով, օկուպացված հատվածը Ադրբեջանի 13.62 տոկոսն է, որը մեծ միավոր է, սակայն ոչ այնքան, որքան նախագահ Ալիևի պնդումն է»,- գրել է դե Վաալը:

Փաստացի, Իլհամ Ալիևի պնդումը, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը «օկուպացիայի» տակ է, սխալ է:

Արցախի Հանրապետության անկախությունը չի ճանաչել 10 պետություն

Ադրբեջանի նախագահը նույն քննարկման ժամանակ հայտարարել էր նաև, որ մի քանի պետություններ ճանաչել են Արցախի անկախությունը. «Ավելի քան 10 պետություն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»,- ասել էր նա:

Ավելի ուշ իր խոսքում Ալիևը հակասել էր իր իսկ արտահայտած մտքին՝ ասելով, որ Արցախը ճանաչված պետություն չէ. «… Ոչ ոք չի ճանաչում այս անօրինական սուբյեկտը (Լեռնային Ղարաբաղ — խմբ․)»,- ասել էր նա:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում նշված են այն միավորների անունները, որոնք ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն: 

Ըստ ԱՀ ԱԳՆ կայքի՝ ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Բայց պետությունների կողմից Արցախը, փաստացի, չի ճանաչվել։ 

Այնուհանդերձ, ուշագրավ է, որ Ալիևն այս միտքն արտահայտել է Խոջալուի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ 1992 թվականի փետրվարի իրադարձությունները 10 պետություն որակել են որպես ցեղասպանություն՝ ըստ ադրբեջանական կողմի տվյալների: Հավանաբար, Ալիևը լեզվի սայթաքում է թույլ տվել։ Ի դեպ, Ալիևի՝ Խոջալուի մասին արած պնդումներին արդեն անդրադարձել ենք առանձին հրապարակմամբ։

Հակամարտության կողմերը երկուսը չեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր նաև, թե ԼՂ հակամարտությունն ունի երկու կողմ. «Չկա Լեռնային Ղարաբաղի բանակ: Չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հակամարտությունը ունի միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան: Հարցրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ովքե՞ր են հակամարտության կողմերը: Նրանք կասեն նույնը՝ Ադրբեջանը և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը՝ ոչ: Թե ինչո՞ւ ոչ՝ այլ հարց է, բայց մենք չենք խոսելու նրանց հետ»,- ասել էր Ալիևը:

Այնուամենայնիվ, կան մի քանի կարևոր փաստաթղթեր, որոնցում Լեռնային Ղարաբաղը արձանագրվել է որպես Արցախյան հակամարտության կողմ: Մասնավորապես, 1994 թվականին Բիշքեկում զինադադարի շուրջ բանակցությունները վարվում էին Արցախի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ բիշքեկյան արձանագրությունը ստորագրել է նաև Բաբուրյանը։

Ավելին՝ Արցախյան պատերազմի զինադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են երեք կողմերի պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյանը (ՀՀ), Սամվել Բաբայանը (ԼՂՀ) և Մամեդրաֆի Մամեդովը (Ադրբեջան)։ 

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը։ 

Հատկանշական է նաև, որ մինչև 1998 թվականը Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, և 1998 թվականի նոյեմբերի 10-ին միջնորդների՝ հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը ուղարկվել էր նաև Լեռնային Ղարաբաղին՝ կարծիք ստանալու նպատակով։ 

Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը, չնայած ողջ քննարկման ընթացքում հայտարարում էր, որ իր բերված փաստարկները ճիշտ են և դրանք կարելի է ստուգել համացանցում, սակայն, փաստացի, ներկայացրել է իրականությունը խեղաթյուրող պնդումներ։ 

Ինչ վերաբերում է Մյունխենում Ալիևի և Փաշինյանի հանդիպման ընթացքում հնչած պատմական փաստերի իսկությանը, ապա դրանց կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում։

Լուսինե Ոսկանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել