ՏԿԵՆ փոխնախարարներն ընդունել են ԱՃԹՆ միջազգային քարտուղարության պատվիրակությանը
13:54 - 05 նոյեմբերի, 2019

ՏԿԵՆ փոխնախարարներն ընդունել են ԱՃԹՆ միջազգային քարտուղարության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Կարեն Իսախանյանը և Լիլիա Շուշանյանն ընդունել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակությանը՝ Հայաստանի հարցերով պատասխանատու Օլեսիա Տոլոչկոյին և վավերացման գործընթացի ղեկավար Լիդիա Կիլպիին:

Քարտուղարության պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի միջազգային վավերացման գործընթացի շրջանակում՝ գնահատելու Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման ընթացքը:

Նախարարի տեղակալներն իրենց խոսքում կարևորել են ԱՃԹ նախաձեռնությունը (EITI), ինչը թույլ է տալիս համագործակցային ձևաչափով բացահայտելու հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ու այս ճանապարհով բարելավելու հանքարդյունաբերության նկատմամբ հանրային վստահությունը:

Այն կառավարության, գործարար հատվածի և հասարակության միջև երկխոսության խթանման և հարցերի համատեղ քննարկման կարևոր հարթակ են համարել:

Փոխնախարարները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են ԱՃԹՆ ստանդարտների ներդրման գործընթացը, նախաձեռնության վերահսկող մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) կողմից կատարված աշխատանքները:

Քարտուղարության անդամները շնորհակալություն են հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ ողջունելի է տեսնել իրական սեփականատերերի և տեղեկատվության համակարգված բացահայտման ուղղությամբ կատարված արդյունավետ քայլերը:

Հանդիպմանը հյուրերը հետաքրքվել են Հայաստանում ԱՃԹՆ ստանդարտների ներդրման ընթացքով, ԲՇԽ-ների ձևավորմանը, վերջիններիս հիմնական գործառույթներին, ինչպես նաև հանքարդյունահանող կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության թեկնածու անդամների առաջադրման ընթացակարգերին վերաբերող հարցերով և այս ուղղությամբ կատարված աշխատանքներով:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ է միջազգային վավերացում անցնում:ԱՃԹՆ-ի ստանդարտի համաձայն, ԱՃԹՆ իրականացնող բոլոր երկրները ենթակա են պարբերական գնահատման(վավերացման): Համապատասխանող երկրի կարգավիճակ ստանալու համար թեկնածու երկիր ճանաչվելուց հետո 2.5 տարի անց երկիրը պետք է անցնի միջազգային վավերացման գործընթաց ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից նշանակված վավերացնողների կողմից: Վավերացման ժամանակ գնահատվում է, թե որքանով է երկիրն իրականացրել ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջները, պահպանել վերջնաժամկետները,իրականացրել աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև գնահատվում է ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի թափանցիկությունը՝ բազմաշահառու խմբի և ազգային քարտուղարության աշխատանքը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել