Վրացիներն ամեն տեղ հետապնդում են ՌԴ պատվիրակությանը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին
06:22 - 21 հունիսի, 2019

Վրացիներն ամեն տեղ հետապնդում են ՌԴ պատվիրակությանը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին

lragir.am:  Մեր զրուցակիցն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա մասնակցում է Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի նիստին։

Պարոն Սիմոնյան, ի՞նչ է տեղի ունեցել Թբիլիսիի խորհրդարանում։ Վրացի և ռուս խորհրդարանականների միջադեպից հետո ինչո՞ւ մեր պատվիրակությունը որոշեց լքել դահլիճը։

Չենք լքել, ավարտվել էր միջոցառումը։ Մենք սպասեցինք, որ միջոցառումը կազմակերպողները հայտարարեն, թե մենք ինչ ենք անելու, նոր դրանից հետո դուրս ենք եկել, հո չէի՞նք մնալու դահլիճում։

Ինչ-որ կերպ հայկական պատվիրակությունը փորձե՞ց արձագանքել տեղի ունեցածին։

Ռուսական պատվիրակությունը շատ զարմացած ու նեղսրտած էր տեղի ունեցածի առնչությամբ, ինչը հասկանալի է։ Մենք էլ երկու քարի արանքում էինք, որովհետև դժվար է նման իրավիճակներում դիրքորոշում ցուցաբերել։ Դա այդ երկու երկրների հարաբերություններն են։ Միակ բանն այն էր, որ ես խոսեցի ցույցի կազմակերպիչներից մեկի հետ, եթե չեմ սխալվում պատգամավոր էր, ասացի, որ սա միջազգային ֆորմատ է և նորմալ է, որ ռուսները ներկա են։ Այլ ավելացնելու բան չունեի, որովհետև դա իրենց դիրքորոշումն է, և մենք չէ, որ պետք է խառնվենք այդ խնդրին։ Բայց ասեմ, որ իրավիճակը բավական լարված է, ավելի շատ, քան թվում է։ Ես կոռեկտ չեմ համարում ավելի շատ տեսանյութեր հրապարակել, շշեր նետեցին։ Ես և իմ գործընկերն իջանք, շրջեցինք ցուցարարների մեջ, մեծ քանակությամբ ոստիկաններ են բերել, հյուրանոցն ամբողջությամբ շրջապատված է ոստիկաններով։

Իսկ խնդիրն ինչի՞ց ծագեց, վրացի գործընկերները չէի՞ն հանդուրժում ռուսների ներկայությունը։

Այո, չէին հանդուրժում, ասում էին՝ ռուսները մեզ սպանում են։ Վրացի պատգամավոր կար, որ հայտարարեց՝ ես ձեզ սպանելու եմ, հետո ջուր շփեց էստոնացի պատգամավորի վրա, հետո հասկացավ, որ էստոնացի է, ներողություն խնդրեց։ Մենք Արմենիա անվան տակ և հայկական դրոշը կրծքիս նստած էինք։ Պարզ է, որ ռուս գործընկերների վիճակն էլ վիճակ չէր, փորձում էինք իրենց սատարել որևէ ձևով, որովհետև նրանցից մի քանիսն ասում էին՝ ես ի՞նչ կապ ունեմ Պուտինի հետ, ես իրենց քննադատողներից եմ։ Մեկն ասում էր՝ ես կոմունիստ եմ, ընդհանրապես, կապ չունեմ։ Մի խոսքով, շատ տհաճ իրավիճակ էր։

Իսկ համաժողովի օրակարգում ի՞նչ հարցեր էին ներառված, որոնք կիսատ մնացին։

Շատ տարբեր միջխորհրդարանական հարցեր կային, բայց ցավոք, կարելի է արձանագրել, որ ամբողջ միջոցառումը տապալվեց։

Վրացի պատգամավորների դիրքորոշումը՝ այսպես կտրուկ արձագանքել ոչ եղբայրական Ռուսաստանին, Ձեզ համար ընդունելի՞ չէր։

Ամեն մեկն իր կարծիքն է արտահայտում այստեղ և ամեն մեկն իր երկրի շահերն է պաշտպանում։ Հիմա պարզ է, որ ռուս-վրացական հարաբերությունները ամենալավ փուլում չեն գտնվում։ Չի կարելի ասել, որ ռուսական պատվիրակության անդամների կարծիք կամ դիրքորոշում է եղել։ Վրաստանի խորհրդարանի նախագահի ելույթն է եղել դրանից մեկ օր առաջ, որը նույնպես շատ կտրուկ չի եղել։ Խոսել է տարածքներ վերցնել-չվերցնելու մասին։ Այսինքն դա առիթ չէր կարող հանդիսանալ նման լարվածության։ Երեկվա լարվածության հեղինակները, որքան ես տեղեկացա, Սաակաշվիլիի կուսակիցներն են։ Իրենց մոտ շուտով ընտրություններ են, և ես ենթադրում եմ, որ դա նաև ներքաղաքական իրավիճակը սրելու և նախընտրական տրամաբանության հետ է կապված։ Սա զուտ հակառուսական քայլ էր՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված։ Այստեղ ցուցարարների ձեռքին Պուտինի նկարներն են, միացյալ Վրաստանի նկարներով պաստառներ են։

Իսկ հայկական պատվիրակություն ե՞րբ է վերադառնալու։

Կվերադառնանք հունիսի 22-ին։ Դե արդեն բնականոն հունով չի ընթանա միջոցառումը։ Վրացիներն ամեն տեղ հետապնդում են ռուսական պատվիրակությանը և պահանջում են, որ նրանք լքեն Վրաստանը, ասում են՝ դուք մեզ սպանել եք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել