Վիճակագրական կոմիտեն անդրադարձել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշներին |armenpress.am|
14:18 - 15 հուլիսի, 2019

Վիճակագրական կոմիտեն անդրադարձել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ցեմենտի պաշարներն այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 89 հազար 730.3 տոննայով: Շինարարության ծավալը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, դրանց տեսակարար կշիռները կարող են տարբերվել, արդյունքում՝ ցեմենտի կամ քարի արտադրության, ներմուծման և օգտագործման նվազման պայմաններում անգամ շինարարության թողարկումը կարող է աճել:

ՀՀ վիճակագրական կոմիտեի շինարարության վիճակագրության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանն անդրադարձել է լրատվամիջոցներում հրապարակումներին, թե երկրում հինգ ամիս շարունակ 6.1 տոկոսով աճել է շինարարությունը, ինչը ենթադրում է, որ պետք է ավելանային արտադրված (կամ ներմուծված) ցեմենտի, ամրանների, բետոնի, քարի ու բազում այլ արտադրատեսակների ծավալները, սակայն դրանց ծավալները նվազել են:

«Նախ, հարկ է նշել, որ, եթե 2018 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում Հայաստանից ցեմենտի արտահանումը կազմել է 2 875.1 տոննա, ապա 2019թ.-ի առաջին 5 ամսում արտահանվել է ընդամենը 22.0 տոննա ցեմենտ: 2018թ.-ի առաջին 5 ամսում ներմուծված ցեմենտի ծավալը կազմել է 29 432.1 տոննա, իսկ 2019թ.-ի առաջին 5 ամսում՝ 116 309.3 տոննա:

Արտաքին առևտրի մասով ցեմենտի հաշվեկշիռը Հայաստանում մնացած ցեմենտի մասով կազմել է 89 730.3 տոննա ((2 875.1 - 22.0)+( 29 432.1 - 116 309.3)): Այլ կերպ ասած՝ 2019թ.-ի առաջին 5 ամսում, 2018թ.-ի առաջին 5 ամսվա համեմատ, միայն արտաքին առևտրի մասով, Հայաստանում ցեմենտի պաշարներն ավելացել են 89 730.3 տոննայով: Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակների (չամրանավորած կամ ամրանավորած) ներմուծումը 2018 թ.-ի առաջին 5 ամսվա համար կազմել է 457.1 տոննա, իսկ 2019թ.-ի առաջին 5 ամսվա համար՝ 1 182.7 տոննա:

Նշված ժամանակահատվածներում արտահանում չի արձանագրվել: Շինարարական նպատակով օգտագործվող բոլոր տեսակի քարերի արտահանումը 2018 թ.-ի առաջին 5 ամսվա ընթացքում կազմել է 4 113.4 տոննա, իսկ 2019 թ.-ի առաջին 5 ամսում՝ 3 178.9 տոննա: Ներմուծումը, համապատասխանաբար՝ 2 990.5 տոննա և 2 976.9 տոննա: Արդյունքում, ՀՀ-ում մնացորդային հաշվեկշիռն այդ քարերի 2019 թ.-ի առաջին 5 ամսում կազմել է 920.9 տոննա»,- տեղեկացրեց Պետրոսյանը:

Նա, սակայն, նշեց, որ անկախ վերոհիշյալից, շինարարության ծավալը (թողարկումը) ներառում է բազմաթիվ այլ բաղադրիչներ՝ շինմոնտաժային աշխատանքներ, սարքավորանք, գործիք, գույք, այլ աշխատանքներ և ծախսեր, դրանից՝ ճարտարապետաշինարարական նախագծում: Պետրոսյանը նկատեց՝ տարբեր ժամանակահատվածներում դրանց տեսակարար կշիռները կարող են տարբերվել, երբեմն էապես, ինչի արդյունքում ցեմենտի կամ քարի արտադրության, ներմուծման և օգտագործման նվազման պայմաններում անգամ շինարարության թողարկումը կարող է աճել:

Օրինակ, էլեկտրակայանների շինարարության ժամանակ տուրբինների մոնտաժման փուլում, կախված տուրբինների մեծ արժեքներից, շենքերի և շինությունների շինարարության ծավալների նվազման պարագայում, շինարարության թողարկման ընդհանուր ծավալը կարող է էապես աճել, քանզի անգամ արտերկրում պատրաստված տուրբինն իր ողջ արժեքով ներառվում է շինարարության ծավալում:

«Նույնը կարող է տեղի ունենալ նաև, օրինակ, առողջապահական հաստատությունների շինարարության պարագայում, երբ մոնտաժվում են առողջապահական ծառայությունների համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար նախահաշիվներում նախատեսված սարքավորանքները, գործիքները և գույքը: Դրանց արժեքներն ամբողջությամբ ներառվում են շինարարության թողարկման մեջ»,- ասաց նա:

Ընդհանրապես, սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ-տրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքը, լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորանքների արժեքները, շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները, սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն), շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռք բերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել