Մեր ցանկում, փաստացի, մնացել են տնտեսական գործունեության մի քանի տեսակ, որոնց գործունեությունը սահմանափակված է։ Դրանք մոտ 10-12 են։ Շարունակում է սահմանափակված մնալ կրթության ոլորտը, որը միայն հեռավար կերպով է իրականացվում, շարունակում է սահմանափակված մնալ տրանսպորտի ոլորտն, ինչն ամենացավալի հատվածն է, այնուամենայնիվ, որոշակի կանոնների մշակումից ու ադապտացիոն շրջանից հետո, հուսով եմ, հնարավորություն կունենանք նաև տրանսպորտը բացելու։ 

Այս մասին քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ Նա արձանագրեց, որ համոզված է՝ նվազագույնը ակտիվ դեպքերի որոշակի քանակ՝ մի քանի հազար, կարող են սպասարկել։ 

Անդրադառնալով տնտեսվարողների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը՝ Ավինյանը նշեց․ «Մենք մինչ այս փուլը 24 ժամով փակում էինք այն խանութները, որտեղ անհրաժեշտ կանոնները չէին պահպանվում, այնուամենայնիվ, կարող ենք նաև այլ միջոցներ կիրառել։ Մեր հիմնական գործիքը տեսչական մարմիններն են, սակայն քաղաքացիական վերահսկողությունն ամենաարդյունավետն է»։

Խոսելով վերջին օրերին կորոնավիրուսի աճող թվերի մասին, ԱՆ նախարար Թորոսյանն  ասաց.

«Վերջին օրերի մեր թվերը պայմանավորված են տարբեր գործոններով, սկսած՝ մարդկանց շարժունակությամբ, բայց նաև որոշակի օջախանման գործոններով, երբ տեսնում ենք, որ կանոններն այնքան լավ չեն պահպանվել, որ հնարավոր լիներ կանխարգելել թե՛ արտադրական կոլեկտիվներում փոխանցումները, թե՛ պարզապես հավաքատեղիներում։ Օրինակ, շարունակում ենք դեպքեր արձանագրել մի հուղարկավորության արարողությունից, որը ցավալի է։ Մենք պետք է հարգենք մեր անցավորներին, բայց ողջերին պաշտպանելու նպատակը պետք է ավելի կարևոր լինի»։

Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին օրերին ծանր դեպքերի քանակն աճել է։ Այսօրվա դրությամբ ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35` ծայրահող ծանր, որոնցից 9 անձ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ «Սա, ինքնին, դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահության համակարգի համար։ Կարող ենք վարել 3000-4000 միաժամանակ վարակակվածների դեպքեր և պատշաճ բուժում իրականացնել»,- ասաց Թորոսյանը։

Առողջապահության նախարարի խոսքերով՝ ամբողջ աշխարհում նշվում է կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկի կամ հիվանդության տարածման շարունակության վտանգների մասին, այս պարագայում չափազանց կարեւոր է անձնական պատասխանատվության ինստիտուտն ու ապակենտրոն պայքարը: «Մենք առաջին հերթին վտանգում ենք մեր մտերիմների, ծնողների, խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր հարզատների առողջությունն ու կյանքը, որոնց հետ մենք ապրում ենք նույն տներում կամ այցելում ենք հաճախ: Եթե մենք չպահպանենք կանոնները, տուժելու են նրանք»,- ընդգծեց նա։

Թորոսյանը նշեց նաև՝ մահացությունների ցածր տոկոսը, որը դեռ կարող ենք համարել, որ ունենք, բժիշկների աշխատանքի արդյունքն է։ 

Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն է սկսվում, որը, հույս ունեն, օրը մինչև 200.000 արտադրանք կթողարկի, և դիմակների առումով խնդիրներ չենք ունենա, ինչին Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Տավուշի մարզպետի փոխանցմամբ՝ դիմակների արտադրությունը պետք է հենց այս օրվանից սկսված լիներ»։