Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ իշխանություններին ուղղված մտահոգիչ ոչինչ չկա. Վահագն Հովակիմյան |lragir.am|
10:52 - 30 հոկտեմբերի, 2019

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ իշխանություններին ուղղված մտահոգիչ ոչինչ չկա. Վահագն Հովակիմյան |lragir.am|

lragir.am: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ իշխանություններին ուղղված մտահոգիչ ոչինչ չկա. հայտարարությունը գալիս է հաստատելու, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի բխում մեր Սահմանադրությունից: Այս մասին նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի նախօրեին արված հայտարարությունը առ այն, որ կարճ ժամանակում Հայաստանում հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականցվում նրա դեմ, և որքանո՞վ է սա Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանին նախազգուշական քայլ, նա պատասխանել է.

«Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից երեկ 2 հրապարակում է եղել: Նաև մեկ շաբաթ առաջ ձայնագրվել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը: Այստեղ շատ կարևոր է այս ժամանակագրությունը: Հայտարարությունում, որը պաշտոնապես է տարածվել, և որը պաշտոնական գնահատական է ենթադրում, Ձեր ասած գնահատականները չկան:

Ըստ էության՝ այդ հայտարարությունում ինքն էլ է կարևորում սահմանադրական կարգավորումների վերականգնումը, որը մենք ևս ասում ենք: ՍԴ-ի շուրջ ձևավորված իրավիճակը չի համապատասխանում ՀՀ-ի Սահմանադրությանը: Այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև վերանայվի ՍԴ-ի մասով»:

Պատգամավորը նկատել է, որ այդ նույն հայտարարությունում շատ հետաքրքիր դիտարկում կա, որ ՍԴ-ն ժողովրդավարության պաշտպանն է. «Խնդիրն էլ հենց սա է, որ մեր Սահմանադրական դատարանը չի հանդիսանում ժողովրդավարական սկզբունքներով կազմավորված կառույց»:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել էր նաև հետևյալը. «Չափազանց անհանգստացած եմ մի կողմից՝ կառավարության և Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև եղած բացահայտ կոնֆլիկտով: Դեպքերի արագ իրար հաջորդելն ու լրատվամիջոցների կողմից ակտիվ քննարկման առարկա դառնալը չեն նպաստում խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը»:

Հարցին, թե այստեղ ակնարկներ կա՞ն, որ նաև քաղաքական հետապնդում է իրականացվում, Վահագն Հովակիմյանն արձագանքել է. «Ոչ: Այստեղ ես միայն մեկ ակնարկ եմ տեսնում, որ խնդիրները կարելի էր ստվերային ճանապարհով լուծել, ինչը ընդունելի չէ:

Այս հայտարարությունը գալիս է հաստատելու, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի բխում մեր Սահմանադրությունից: Սա նշանակում է, որ մենք ունենք խնդիր և պետք է լուծում տանք դրան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել