Վարկավորման գործընթացն սկսվել է, մինչև 1 մլն դրամանոց վարկեր են տրվում` 0% տոկոսադրույքով. Նիկոլ Փաշինյան
20:14 - 06 ապրիլի, 2020

Վարկավորման գործընթացն սկսվել է, մինչև 1 մլն դրամանոց վարկեր են տրվում` 0% տոկոսադրույքով. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղատնտեսական, գյուղացիական վարկերի տոկոսադրույքները։ Դուք, ըստ ամենայնի, խոսում եք միկրո վարկի մասին, մենք այդ միկրովարկերի տոկոսները նույնպես զրոյացրել ենք։ Ձեր նշած «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, տեղյակ եմ, որ շուրջ 2 մլրդ դրամի պաշարներ ունի, որ պետք է տրամադրի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն մտահոգությանը, թե բանկերը վարկեր չեն տրամադրում, ինչի պատճառով գյուղացիները չեն կարողանում սկսել գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։

Քաղաքացին, մասնավորապես, գրել էր․ «Դուք խրախուսում եք գյուղացիների ակտիվ աշխատանքը, բայց ինչպե՞ս շարունակեն գյուղատնտեսական աշխատանքներն այն գյուղացիները, որոնք չունեն բավարար գումար աշխատանքը սկսելու համար և սպասում են վարկերի։ Բայց բանկերը վարկեր չեն տրամադրում։ Դիմել ենք «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փետրվարին, սակայն մինչ օրս արձագանք չկա։ Ոչ մի տարի այսպիսի խնդիր չի եղել»։

Վարչապետը շարունակեց, որ իրեն առավոտյան լուսանկարներով ահազանգեր են ուղարկել, որ «Ակբա» բանկերում քաղաքացիների հերթ է, որոնք արդեն սկսել են վարկեր ստանալ։ «Եվ ահազանգում էին կորոնավիրուսի պատճառով, որ սոցիալական հեռավորությունը պահպանված չէ։ Վարկավորման գործընթացն արդեն սկսվել է և՛ Ձեր նշած բանկում, և՛ այլ բանկերում։ Ընդ որում, ասեմ՝ մինչև 1 մլն դրամանոց վարկեր են տրվում` 0% տոկոսադրույքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով՝ Կառավարությունը հետևում է՝ երբ այդ 2 մլրդ դրամանոց պաշարը սպառվի, նոր միջոցներ կներդնեն, որ հատկապես այս տարի, մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են ստանալ վարկեր, և ունեն համապատասխան վարկային պատմություն, այդ վարկերը ստանան։


«Ուզում եմ ընդգծել, որ մենք բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացնում․ մեր հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն է դա, և այնտեղ նույնպես զրոյացրել ենք վարկերը, և որոշ դեպքերում խրախուսում ենք, որ այդ վարկերը տրվեն՝ խելացի անասնաշենքերի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման պարագայում։ Այս տարվանից բոլոր այդ վարկերը զրո տոկոսով ենք տրամադրելու»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ավելացրեց, որ հընթացս հետևելու են, և եթե տեսնեն, որ հասանելիությունը բավարար չափով ապահովված չէ, ծրագրերում փոփոխություններ կանեն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել