armtimes.com: Վանաձորի թվով 20 մանկապարտեզներից 4-ը շարունակում են մնալ գերբեռնված՝ չնայած նախկինում այդ ուղղությամբ ձեռնարկված որոշ միջոցառումների: Յուրաքանչյուր խմբում թեպետ պետք է ընդգրկված լինի առավելագույնը 30 երեխա, կան մանկապարտեզներ, որոնց խմբերում երեխաների թիվը հասնում է 47-ի: Սրա հետ մեկտեղ, մյուս մանկապարտեզների խմբերում հիմնականում երեխաների թիվն ավելի է նախատեսվածից եւ հասնում է՝ 32, 33 երեխա:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը չի հերքում՝ գերբեռնված մանկապարտեզներ իսկապես կան: Բադյանն ասում է՝ խմբերը բեռնաթափելու նպատակով նոր խմբեր են բացվել, հավելյալ դաստիարակներ են տրամադրվել գերբեռնված մանկապարտեզներին, սակայն այս ամենի հետ մեկտեղ մանկապարտեզներում երեխաների թիվը մեծ է:

Բաժնի պետը վստահեցնում է՝ գերբեռնվածությունը ծառայությունների որակի վրա որեւէ կերպ չի ազդում, ուսումնադաստիարակչական անձնակազմը պրոֆեսիոնալ է, համայնքի կողմից պարբերաբար հսկողություն է իրականացվում:

Վանաձորի թիվ 24 մանկապարտեզը գերբեռնված մանկապարտեզներից մեկն է: 2 ավագ խումբ ունի, մեկում՝ 40, մյուսում՝ 28 երեխա: Միջին խմբում 40 երեխա կա, կրտսերում՝ 46: Նախորդ տարի նոր խումբ է բացվել, հավելյալ եւս 1 դաստիարակ տրամադրվել: Նախատեսվում է ուսումնական տարվա ավարտից հետո խմբերի վերաբաշխում իրականացնել:

Թիվ 2 մանկապարտեզի ավագ խմբում 47 երեխա կա, կրտսերում՝ նույնպես 47, միջինում՝ 46:  Այստեղ արդեն իսկ եւս մեկ դաստիարակ է տրամադրվել:

Թիվ 30 մանկապարտեզը 2 ավագ խումբ ունի՝ 42 եւ 46 երեխաներով: Միջին խմբերը եւս 2-ն են՝ 38 եւ 47, իսկ կրտսեր խմբում՝ 44 երեխա: Բադյանի խոսքով՝ հաջորդ ուսումնական տարում, եթե անհրաժեշտ լինի, կքննարկվի եւս մեկ դաստիարակ տրամադրելու հարցը:

Բադյանն ասում է՝ նշված թիվ 30, 2, 24, ինչպես նաեւ 19 եւ 15 մանկապարտեզներում թեպետ լրացուցիչ  խմբեր արդեն բացվել են, սակայն շենքային պայմանները այլեւս հնարավորություն չեն տալիս նոր խումբ բացելու, ինչի պատճառով էլ քննարկվում է հավելյալ դաստիարակի հաստիք բացելու հարցը. «Մանկապարտեզներ ունենք, որտեղ թե խումբ ենք բացել, թե դաստիարակի եւս 1 հաստիք ենք տվել, սակայն մանկապարտեզները շարունակում են գերբեռնված մնալ: Մայիսի վերջին պատկերը պարզ կլինի, եթե էլի գերբեռնված մնան՝ ավագանու հաստատման կդնենք հավելյալ դաստիարակներ տրամադրելու հարցը»:

Բաժնի պետը վստահեցնում է՝ բոլոր երեխաներն ունեն իրենց մահճակալները, խմբասենյակները եւս մեծ են, հետեւաբար՝ խնդիրներ չեն առաջանում. «Ճիշտ է, ցանկալի կլիներ, որ այս քանակի երեխաներ չլինեին, սակայն ունենք այն  ինչ ունենք, ու սրանից այն կողմ որեւէ մանկապարտեզ երեխա այլեւս չի ընդունում: Մենք պետք է մյուս տարի ֆիքսենք մաքսիմում 43 երեխա, դրանից ավելի չենք ունենա խմբերում»:

Սրան զուգահեռ, դեռեւս կան մանկապարտեզներ, որտեղ ոչ հավելյալ դաստիարակ կա, ոչ էլ լրացուցիչ խումբ: 30 երեխայի փոխարեն մինչեւ 47 երեխայի խնամք իրականացնող դաստիարակը, սակայն, լրացուցիչ չի վճարվում. «Դաստիարակի պարտականությունների մեջ մտնում է բոլոր երեխաների խնամք իրականացնելը, եւ քանի որ գերծանրաբեռնվածություն տերմինը չի հակասում օրենքին, ուրեմն այդտեղ որեւէ խախտում չկա, եւ դաստիարակը վճարվում է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»,- ասաց բաժնի պետը՝ նշելով, որ իրենք թույլ չեն տալիս՝ խնդիրը երկար մնա. «Այն բոլոր մանկապարտեզներում, որտեղ հիմա այդ խնդիրը կա, քննարկումներ ենք անում, լուծման ուղիներ փնտրում: Մենք այդտեղ մինչ խումբ բացելն ու բեռնաթափելը պետք է հավելյալ դաստիարակով ապահովենք»:

Թիվ 30 մանկապարտեզը 5 խումբ ունի՝ 217 երեխա: Կրտսեր 2-րդ խմբում 44 երեխա կա, միջին Ա խմբում՝ 38, միջին Բ խմբում՝ 47, Ավագ Ա խմբում՝ 42, Ավագ Բ խմբում 46 երեխա: Շենքի տիպային է, ամեն խումբ իր առանձին մուտքն ունի: Մեր այցի ժամանակ ավագ խմբում ճաշի ժամ էր, բացակա երեխաներ թեպետ կային, սակայն քիչ էին: Կլոր, գունազարդ սեղան-աթոռները դրված են իրար կողք կողքի այնպես, որպեսզի երեխաների համար նեղվածք չլինի: Շենքը տիպային է, խմբասենյակները՝ մեծ: Քնասենյակներում մահճակալների մեծ մասը երկհարկանի են, մետաղե-ծալովի մահճակալներ չկան, յուրաքանչյուր երեխա քնելու իր տեղն ունի, թեպետ կան երեխաներ, որոնց ծննողները տնօրենին գրավոր խնդրել են չքնեցնել իրենց երեխաներին:

Տնօրեն Քրիստինե Պապանյանն ասում է՝ լրացուցիչ դաստիարակն օգնում է գերբեռնված խմբերում կազմակերպել աշխատանքը: Մինչ 2018թ-ը մանկապարտեզը գործել է 4 խմբով, հետո նոր խումբ է բացվել: Մանկապարտեզը գտնվում է ոչ կենտրոնական, «Դիմաց» թաղամասում. «Ծնողն է սկսել նաեւ գնահատել մանկապարտեզի դերը: Ես երբ դարձա տնօրեն, երեխա էինք փնտրում: 2006-ից աշխատում էի որպես մեթոդիստ, 2010-ից արդեն տնօրեն եմ: 2010 թ-ին ամբողջ մանկապարտեզի 4 խմբերում կար 48 երեխա»,- ասաց տնօրենը: Ըստ նրա, անհրաժեշտություն կա եւս մեկ խումբ բացելու, առավել եւս, երբ կոնկրետ իրենց շենքային պայմանները թույլ են տալիս. «Ի սկզբանե 6 խմբանի մանկապարտեզի շենք է կառուցվել: Դեռ չենք քննարկել քաղաքապետարանի հետ, եթե կարողանանք հովանավոր գտնել, խմբասենյակը կնորոգենք, ու նոր կառաջարկենք»:

Քրիստինե Պապանյանն ասում է՝ նոր երեխաներ մանկապարտեզ ընդունելու մասին տասնյակ դիմումներ է ստացվում: Միայն կրտսեր խմբի համար արդեն իսկ 80 դիմում կա:

Շարունակությունը՝ armtimes.com-ում