pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտնել է դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Անցած 1,5 տարիների ընթացքում երկու անգամ փոփոխվել է Վ.Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքը ու մի քանի անգամ միջնորդություն ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է:

Ըստ ՀՔԾ-ի՝ Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով ապօրինի եւ պատրաստակամություն հայտնել ընդհատել Ռուսաստանում իր բուժումն ու վերադառնալ Հայաստան, եթե Հայաստանի իրավապահները վերացնեին հետախուզումը, սակայն հետախուզումը չի վերացվել, թեեւ չկա նաեւ ընտրված խափանման միջոց։