Վազքի պրոցեսի մեջ գնում ենք արտադրամասի ճյուղի հետեւից․ հույս ունեմ՝ կհասնենք․ վարչապետ
12:05 - 18 մարտի, 2020

Վազքի պրոցեսի մեջ գնում ենք արտադրամասի ճյուղի հետեւից․ հույս ունեմ՝ կհասնենք․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ արտակարգ դրության երկրորդ օրը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ հույս հայտնեց, որ կհասնեն արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանան կանգնեցնել վիրուսի տարածումը։

Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց, Փաշինյանի խոսքով, պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա․

«Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ»։

Վարչապետն ասաց, որ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրել են, որ սպիրտի եւ ալկոգելի պակաս կա դեղատներում։ Նա նշեց, որ Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում։ Դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, եւ այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել․

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, եւ դեֆիցիտը, ըստ էության, խուճապային դեֆիցիտ է։ Ամբողջ ծավալով երեք ընկերություն արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն էլ կունենա։ Ալկոգելի պակաս երկրում չկա»։

Վարչապետը եւս մեկ անգամ արձանագրեց, որ ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ։ Եւ իրենք եկել են այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել են այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի՝ ինչպես վստահեցրեց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, որ 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 37․3։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով, վարչապետի համոզմամբ, իրավիճակը բավականին լավ է։

«Մենք այս ընթացքում 700-ից ավելի տեստավորում ենք իրականացվել, հաստատվել է 84 դեպք։ 17 դեպքը ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել։ Արդեն մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել