Երաշխավորությունները կիսով չափ 5-ն են․ մի խափանման միջոցի պատմություն
16:02 - 25 ապրիլի, 2020

Երաշխավորությունները կիսով չափ 5-ն են․ մի խափանման միջոցի պատմություն

Ապրիլի 21-ին ԲացTV-ի «Բաց երեկո» հաղորդման ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Սերգեյ Ատոմյանը, որոշել են որպես երաշխավոր միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ շուրջ 49 մլն ԱՄՆ դոլար գումարի չափերով հափշտակության մեջ մեղադրվող ամերիկահայ պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Այնինչ, պատգամավորներից երկուսը՝ Սիսակ Գաբրիելյանն ու Ռուստամ Բաքոյանը, պնդում են, որ իրենք ոչ թե անձնական երաշխավորություն են ներկայացրել, այլ միայն բնութագիր՝ դատարանին առաջարկելով հնարավորության դեպքում փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը։ Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանն էլ հաստատում է, որ երաշխավորություն չի ներկայացրել նաեւ Սերգեյ Ատոմյանը։

Ո՞վ է Ստեփան Մարտիրոսյանը

61-ամյա Ստեփան Մարտիրոսյանը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է։ Մամուլի բազմաթիվ հրապարակումներում, սակայն, նրա անունը շրջանառվում է ոչ միայն կինոինդուստրիայի, ոչ միայն վերոնշյալ հափշտակության գործի, այլ նաեւ այլ հանցավոր արարքների վերաբերյալ նյութերում։

Ամերիկյան մամուլից տեղեկանում ենք, որ Մարտիրոսյանը ԱՄՆ-ում բնակվելու տարիներին՝ 1990-ականներին, խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմիների հետ՝ կոկաին տեսակի թմրամիջոցի շրջանառության համար, ապա դատապարտվել է 9 տարի ազատազրկման, սակայն բողոքարկելով դատարանի որոշումը՝ 2 տարի անց՝ 1992 թվականին ազատ է արձակվել: 

Իսկ ըստ հափշտակության գործով տուժող Վ․ Գրիգորյանցի փաստաբան Վարդգես Գեւորգյանի ներկայացրած տեղեկությունների (որոնք «Բաց երեկո» հաղորդման ժամանակ հիշատակում է նաեւ Մարինա Պողոսյանը), Ստեփան Մարտիրոսյանը Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանի 1978 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով ՀԽՍՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համակցությամբ (հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը, հանցակցությամբ անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ կատարելը, հանցակցությամբ արվամոլություն`տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ, շորթում, պոռնոգրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը), դատապարտվել է ազատազրկման և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում:

49․045․000 դոլարի հափշտակության քրեական գործը

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2015թթ․ ընթացքում «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից խաբեության եղանակով կատարել է 49․045․000 ԱՄՆ դոլար գումարի չափով հափշտակություն։

Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր, որից հետո էլ իր երբեմնի ընկերոջ դեմ 2017 թվականին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Դրանից հետո Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվել է, մոտ մեկ տարի մնացել Մոսկվայում գտնվող բանտում, ապա արտահանձնվել է Հայաստան։ 

2019 թվականի հունվարի 14-ին Ստեփան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Մարտիրոսյանը կալանավորվել է դատական նիստերի դահլիճից։

Ապրիլի 23-ին պետք է տեղի ունենար Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը, սակայն վերջինիս պաշտպանը՝ Կարեն Բատիկյանը, մեր զրույցում հայտնեց, որ այն հետաձգվել է եւ կկայանա մայիսի 7-ին։

Հենց այս միջնորդության քննության ժամանակ էլ պետք է քննարկվեին պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորություններն ու Ստեփան Մարտիրոսյանի բնութագիրը։

Մարինա Պողոսյանի պնդումը հերքում են պատգամավորներն ու Մարտիրոսյանի պաշտպանը

Ինչպես արդեն նշեցինք՝ իրավապաշտպանը հաղորդման ժամանակ հայտարարում է, որ 5 պատգամավոր է ներկայացրել երաշխավորություն՝ Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու համար։ Վերջինիս պաշտպանը Infocom.am-ի հետ զրույցում հայտնեց, որ անձնական երաշխավորություն են ներկայացրել միայն պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Հայկ Սարգսյանը, իսկ երեք պատգամավոր ուղղակի իր պաշտպանյալին բնութագրող տեղեկություններ են ներկայացրել ու դատարանին խնդրել են ոչ թե անձնական երաշխավարությունը կիրառել որպես խափանման միջոց, այլ կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով, օրինակ՝ գրավով, այսինքն երաշխավորել են, որ այդ մարդու անձը բացասական չէ։ 

Թե ինչ բովանդակություն ունի բնութագիրը՝ Բատիկյանը ներկայացրեց հպանցիկ՝ նշելով, որ գրված է՝ պատգամավորները լրատվամիջոցներից տեղյակ են քրեական գործի մասին, տեղյակ են առաջին ատյանի դատարանի վճռի ապօրինի ձեւակերպումների մասին, Մարտիրոսյանին ճանաչում են՝ որպես հայազգի կինոպրոդյուսեր, որն ԱՄՆ-ում մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որ չի փախչի, նորմալ մարդ է, ու խնդրել են նրա նկատմամբ հնարավորության դեպքում կիրառել գրավ, եւ ոչ թե անձնական երաշխավորություն։ 

«Եթե պատգամավորը մի թղթի տակ ստորագրում է, պարտադիր չէ, որ դա լինի անձնական երաշխավորություն։ Բնութագիրն ընդամենը անձի վերաբերյալ տեղեկություն է։ Գրավի քննության, խափանման միջոցի քննարկման ժամանակ պարտադիր քննարկվում են նաեւ ամբաստանյալի կամ մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները, ամուսնական կարգավիճակը, նախկինում դատվածության հանգամանքը, եւ այլն։ Բնութագրի հիմանական մասը եղել է Մարտիրոսյանի՝ ցեղասպանության ճանաչման գործում կատարած աշխատանքի վեաբերյալ»,- մեր զրույցում պարզաբանեց Բատիկյանը։

Վերջինիս պաշտպանյալն այս պահին Արմավիր ՔԿՀ-ում է, առողջական վիճակն, ըստ Բատիկյանի, այդքան էլ լավ չէ։

Մարինա Պողոսյանի հայտարարությունից հետո պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ ինքն անձնական երաշխավորություն չի ներկայացրել, դրա համար նախատեսված օրենքով սահմանված 500 հազար դրամ գումարը չի վճարել ու չի էլ պատրաստվում ներկայացնել նման երաշխավորություն:

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ բնութագիր է ներկայացրել՝ հաշվի առնելով նրա՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում բավականին լուրջ ներդրումը․ 

«Միևնույն ժամանակ, կցանկանայի զերծ մնալ հստակ տարաբաժանումներից և բառախաղերից՝ կապված բնութագրի, երաշխավորագրի և որևէ այլ միջնորդության հետ, քանի որ էականն այն է, որ վերջնական որոշումն ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ, այնուամենայնիվ, դատարանին է պատկանում: Ավելի կոնկրետ պարզաբանում հարցի վերաբերյալ արդեն իսկ տվել է ամբաստանյալի պաշտպանը»,- հավելեց պատգամավորը:

Իսկ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց պարզաբանում՝ գրելով, որ ինքը Ստեփան Մարտիրոսյանին ճամաչում է անձամբ, ճանաչում է որպես ցեղասպանության դատապարտման մասին ֆիլմի նկարահանմանն աջակցություն ունեցող և ցեղասպանության ճանաչման հարցում գործուն քայլեր ձեռնարկած անձի․

«Երաշխավորություն տալով՝ հայտնել եմ, որ ծանոթ եմ առաջադրված մեղադրանքին՝ իրեն մեղսագրվում է խարդախությամբ՝ x ընկերությունից գումար հափշտակելը։ Չեմ ուզում քննարկել գործի որևէ փաստ, մեղավոր է նա, թե ոչ, կատարել է այդ արարքը, թե ոչ, քանի որ ես, ճանաչելով իրեն, հաշվի առնելով վերը նշվածս, և իր դեպքում ևս մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ Ցեղասպանության տարելիցը, ՀՀ քաղաքացիության պահպանումը, սահմանների փակ լինելը, իր տարիքը, առողջական վիճակը, կալանքի տակ գտնվելու ժամկետը, վարքագիծը, ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում վարույթ իրականացնող մարմնին պատշաճ ներկայանալը՝ երաշխավորել եմ միայն իր ներկայանալը՝ վարույթ իրականացնող մարմնին»,- գրել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ երաշխավորության պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար ինքը ենթակա է քրեական պատասխանատվության․

«Այսինքն՝ ես անձամբ պետք է համոզված լինեմ, որ երաշխավորվողը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, հակառակ դեպքում չեմ տա իմ երաշխավորությունը։ Ինչ վերաբերվում է Մարինա Պողոսյանի ներկայացրած փաստաթղթերին, ապա համոզված եմ՝ որևէ անձ երաշխավորություն տալիս ևս չէր քննարկի՝ 44 տարի առաջ այդ անձի նկատմամբ դատական ակտ եղել է, թե ոչ, սակայն հաստատում են, որ դատավարության առումով որևէ անդառնալի բան տեղի չի ունեցել, ներկայացված փաստերը ուսումնասիրում եմ և արդյունքների մասին անպայման հանրային կարգով կտեղեկացնեմ»,- եզրափակել է պատգամավորը։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հաղորդման ժամանակ հարց է հնչեցրել՝ արդյոք 5 պատգամավորները ներկայացնո՞ւմ են ողջ խմբակցության դիրքորոշումը․ «Ենթադրում եմ՝ ամբողջ խմբակցությունը քննարկել է հարցը եւ եկել են սրան»,- նշել է նա։

Ապիլի 22-ին Լիլիթ Մակունցը հայտնեց, որ երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել երաշխավորություն ներկայացնելու իրենց մտադրության մասին, թեև նման հարցերը մշտապես նախապես քննարկվում են։ Մակունցը կարծիք հայտնեց, որ խմբակցությանը տեղյակ չպահելը, հավանաբար, կապված է կորոնավիրուսային իրավիճակով. հավաքվելու բարդություն կա։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը խնդրեց ավելի ուշ պատասխանել մեր հարցին, սակայն ժամեր անց նրա հետ զանգի միջոցով կապ հաստատել չհաջողվեց, իսկ նամակը մնաց անարձագանք։ Մյուս պատգամավորները զերծ մնացին հավելյալ մեկնաբանություններից։

Այնուհետեւ, Մարինա Պողոսյանը, ներկայացնելով, թե ինչի մեջ է մեղադրվում Ստեփան Մարտիրոսյանը, ասել է, որ եթե միայն գումարային լիներ հարցը, գուցե բոլորի դիրքորոշումն այդքան խիստ չլիներ․

«Բայց Ստեփան Մարտիրոսյանը Հայաստանը լքել է 1985 թվականին, երբ էս երաշխավոր կանգնող պատգամավորները դեռ ծնված չեն եղել, այսինքն չեն էլ ճանաչել, եւ 85 թվականին, լքելով ՀՀ-ն, բնականաբար վերջինս ՀՀ-ի ընդհանրապես կյանքին որեւէ մասնակցություն չէր կարող ունենալ, որովհետեւ մինչեւ 2017-ը բնակվել է արտերկրում։ Էս մարդը չունի որեւէ բան էս երկրի համար արած, բացի նրանից, որ 49 մլն դոլար յուրացրել է։ Որեւէ գործընթաց, որին մասնակցել է նա, պատգամավորները չէին կարող իմանալ։ Բացի մի հետաքրքիր գործընթացից»,- ասել է իրավապաշտպանը՝ մեջբերելով հրապարկման մի հատված, որտեղ նշված է, թե ինչպես է Ստեփան Մարտիրոսյանը 2006 թվականին գումար հատկացրել ամերիկյան Burson-Marsteller PR ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, ինչի համար պարտավորվել է վճարել  535 հազար ԱՄՆ դոլար։

Ապա Պողոսյանն անդրադարձել է 1978 թվականի որոշանը, երբ Ստեփան Մարտիրոսյանը դատապարտվել է հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, արվամոլության, շորթման ու պոռնոգրական առարկաներ պատրաստելու կամ վաճառելու համար։

Մարինա Պողոսյանի ձեւակերպումից, թե՝ «եթե միայն գումարային լիներ հարցը, գուցե բոլորի դիրքորոշումն այդքան խիստ չլիներ», տպավորություն է ստեղծվում, թե Ստեփան Մարտիրոսյանին այս պահին մեղսագրվող արարքը ոչ միայն խոշոր չափի գումարի հափշտակությունն է, այլ նաեւ վերոնշյալ արարքները, իսկ քաղաքական-քաղաքացիական հարթության մեջ՝ Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացմամբ զբաղվելու հանգամանքը։

Այսպիսով, Մարինա Պողոսյանի պնդումը, թե 5 պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել Ստեփան Մարտիրոսյանի համար, մասամբ ապատեղեկատվություն է, քանի որ միայն 2 պատգամավոր է ներկայացրել երաշխավորություն ու վճարել սահմանված 500 հազար դրամը։ Մյուս երեք պատգամավորները ստորագրել են բնութագրի տակ, որտեղ նշված է եղել, որ Մարտիրոսյանը ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Իսկ Ստեփան Մարտիրոսյանի՝ նախկինում տարբեր հոդվածներով դատապարտված լինելու մասին իրավապաշտպանի հայտարարությունները շփոթեցնող են, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք Մարտիրոսյանին հենց այս պահին մեղսագրվող արարքներ են։ Այժմ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում է խոշոր չափի գումար հափշտակելու համար։ Մարինա Պողոսյանի պնդումներն իրականությանը համապատասխանում են Մարտիրոսյանի՝ նախկինում դատվածություն ունենալու մասով։ 

Ի հավելումն՝ նշենք, որ անձնական երաշխավորություն ներկայացնելը դեռեւս չի նշանակում, որ անձի խափանման միջոցը փոխվում է, այդ միջնորդությունը քննարկվում է դատարանում, բավարարվում է, կամ ոչ։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել