Ստամբուլի Սամաթիա թաղամասում դարձյալ սպառնալից գրառում են արել քաղաքացու բնակարանի վրա |ermenihaber.am|
07:42 - 07 հունիսի, 2019

Ստամբուլի Սամաթիա թաղամասում դարձյալ սպառնալից գրառում են արել քաղաքացու բնակարանի վրա |ermenihaber.am|

ermenihaber.am: Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք նշում են արել բնակիչներից մեկի տան պատին: Բնակարանի դռան վրա արված նշումից պարզ է, որ այն Դավթի խաչն է, իսկ խաչի ներսում արված թուրքերեն գրառումը թարգմանաբար նշանակում է «ուշադի՛ր Իսրայել»:

Սամաթիայի բնակիչներն անհանգստացած են այդ նշումներից, քանի որ ավելի վաղ թաղամասի հայ բնակիչներից մեկի տան վրա խաչ էր գծվել և «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել, որից հետո անհայտ անձինք ներխուժել էին հայ կնոջ բնակարան, դանակահարել նրան և փախչել` ասելով «սա դեռ սկիզբն է»:

Չնայած բնակիչներն ահազանգել են ոստիկանություն, բայց ոստիկանությունը չի ներկայացել դեպքի վայր և արձանագրություն չի կազմել:

Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ ազգություն ունի այդ տան տեր հանդիսացող քաղաքացին, սակայն չի բացառվում, որ նա հրեա լինի:

Շենքի բնակիչներից մեկը թուրքական աղբյուրին տված հարցազրույցում ասել է, որ հունիսի 5-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել` ընկերների հետ հանդիպելու, սակայն այդ ժամանակ բնակարանի դռան վրա նշան չի եղել:

«Կեսգիշերն անց, երբ վերադարձա տուն, տեսա այդ նշանը: Շուրջ 7 տարի է այս թաղամասում եմ բնակվում և ոչ մի անգամ նման դեպք չէր պատահել: Հարևաններիս հետ էլ հարաբերությունները բավականին լավ են»,-հայտնել է նա:

Բնակիչը նշել է, որ դեպքի առթիվ դիմելու է դատախազությանը, քանի որ ոստիկանությունը չի արձագանքել:

Քաղաքացու խոսքով` իրենց թաղամասի բնակիչները տարբեր մշակույթի և տարբեր ինքնության կրողներ են և մտավախություն է հայտնել նախորդ շաբաթ հայ կնոջ դանակահարության դեպքի առնչությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել