civilnet.am: «Սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում»․ մայիսի 4-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ  Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չկա՞, որ «հայկական կողմին ինչ-որ բան պարտադրվի»։

«Ես՝ որպես կառավարության անդամ, ունեմ մանդատ՝ տանելու այդ աշխատանքը։ Մեր կառավարության ղեկավարը վարչապետն է, որն ունի մանդատ ժողովրդի կողմից, և սրանով ենք մենք առաջնորդվում, երբ ներգրավվում ենք բանակցության մեջ։ Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ մեզ համար, մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ»,- ասաց արտաքին գործերի նախարարը։

Նրա խոսքով՝ «հիմա մի շրջան է, երբ պետք է ուղղակի սպասել և պահպանել կայունությունը»։

Նախարարն անդրադարձավ նաև գազի սակագնին և Լավրովի հայտարարությանը, որում վերջինս խոսում էր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին և մատնանշում Հարավկովկասյան երկաթուղու շուրջ դատական գործընթացը։

«Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, որոնց օրակարգը չափազանց ընդարձակ է, որի մեջ մենք ունենք հարցեր։ Եթե չունենանք այդ հարցերը, ուրեմն ինչ-որ ավելի խորքային խնդիր կա։ Ունենք հարցեր, խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրներ միմյանց հետ քննարկում են։ Մենք, համենայնդեպս, մտադրված ենք նույն ոգով, ինչպես վերջին երկու տարիներին, նույն վճռականությամբ շարունակել աշխատանքը։ Գազի հարցը մեզ համար չափազանց էական նշանակություն ունի, մեզ համար, Հայաստանի համար, և շարունակելու ենք քննարկել»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։